բարոյական և թե նյութական կարողության երևեցուցիչը։ Եթե ասենք, թե Անգլիան հարուստ է, և Անգլիա ասելով հասկանանք կառավարությունը և ազնվականությունը, այդ մի այլ խնդիր է և այն ժամանակ վերագրյալ հարստությունը չէ վերաբերվում անգլիական ազգին, այլ, կառավարության և ազնվականության, որ Անգլիա չեն, որովհետև մինը անգլիական կառավարություն է, իսկ մյուսը անգլիական ազնվականություն։ Այն ժամանակ միայն, ստուգապես, կարող ենք ասել, թե Անգլիան հարուստ է, երբ այն մի միլիոններ բաղկացնող անհատների մոտ տեսնենք որևիցե նյութական կարողության նշմարանք։ Ի՛նչ աղբյուրներից կարող է հանել հասարակ ժողովուրդը յուր, չասենք հարստությունը, այլ՝ ապրուստը. և ապրուստ հավաստի, մշտնջենական և ոչ առօրյա։ Հասարակ ժողովուրդի համար, ուղղակի և մնացած մասին համար անուղղակի, բայց և այնպես անհրաժեշտ, ինչպես ջուրը ձուկի համար, միակ աղբյուր ապրուստի և հարստության է երկրագործությունը: Երբ որ մի ազգ կազմող անհատների մեծագույն մասը պարապի երկրագործությամբ և առհասարակ գյուղական տնտեսությամբ, այն ժամանակ, այդ ազգի ընդհանրությունը հարուստ է և ապահովյալ, որովհետև նորա հիմքը դրված է բնականապես և բնության վերա։ Եվ այս պատճառով, փոքրագույն մասը, որ չէ պարապում երկրագործությամբ, կարող է հավաստի լինել, որ հազիվ պիտի կարողանա մշակել, շինել, գործել և վաճառել այն, ինչ որ դուրս է բերում գետնից նորա մեծագույն մասը։ Ազգի մեծագույն մասը երկրագործությամբ ապահովյալ է և անհնար է թե նեղության պատահի, ապրուստի կողմից։ Փոքրագույն մասը, որ բաղկանում է վաճառականներից, չէ կարող անգործ մնալ, քանի որ մեծագույն մասի արդյունքը սպասում է նորա, կամ մշակության, կամ վաճառականության, և որևիցե մի դժբախտ դիպվածում այդ փոքրագույն մասից ամենափոքրագույն մի մասը միայն կարող է ենթարկվիլ առօրյա և անցողական նեղության, քանզի ազգի հիմքը դրված է երկրի մակերևույթի վերա և կախված չէ օդի մեջ։ Չկա մարդ, որ չխոստովանի այս ճշմարտությունը և նույնիսկ Անգլիո մեջ. բայց այստեղ է խնդիրը, երկրագործի համար երկիր է հարկավոր գործելու, որ Անգլիո մեջ չունի հասարակ ժողովուրդը։
Անգլիական երկիրները ազնվականների մասնավոր սեփականությունք են. հասարակ ժողովուրդը մի հատ ցից զարկելու հող չունի։ Լոնդոնի, այն հսկա քաղաք֊աշխարհի հողը յոթն ազնվական տան սեփականություն է, որոնց առաջինն է թագավորական տունը։ Հասարակ ժողովուրդը յուր երկու ձեռքից ավելի բան չունի. նա բնակվում է ազնվականների հողի վերա և վարձ է վճարում հողի տիրոջ։ Հասարակ ժողովուրդը