Այս էջը հաստատված է

հող չունենալով չէ կարող երկրագործությամբ պարապիլ, այն միլիոնները, որ բնակվում են Անգլիո մեջ, օրական աշխատող, վարձկան մշակներ են, ծառա և գործավոր։ Այդ միլիոնավոր բազմության միջից այն մարդիկը, որ դրամագլուխ ունին, վարձում են մի որևիցե ազնվականի հողը, վարձում են հազարավոր մշակներ և գործում են երկիրը. սոքա են ֆերմեր ասացյալքը։ Վարձկան-երկրագործ մշակները կախված են յուրյանց ֆերմերից, քանզի եթե սա զլանա գործ տալ նոցա, մշակը պիտի սովամահ մեռնի. ո՞ւր գնա և ի՞նչ գործե, իսկ ֆերմերքը, յուրյանց կարգով, կախված են այն ազնվականներից, որոնց հողը ունին յուրյանց ձեռքում, թեև վարձու։ Ազնվականը, այսօր եթե կամենա, կարող է ասել ֆերմերին, «այսչափ ժամանակ գործեցիր և մշակեցիր իմ հողը, ինձ հասուցիր այսքան վարձ, շնորհակալ եմ, այսուհետև չեմ կարող իմ հողը տալ քեզ, ինձ հարկավոր է. մի ուրիշ տեղ ճարիր քո համար»։ Եվ ֆերմերը և նորա հազարավոր մշակները, որ այնչափ տարի ապրում էին այն հողի վերա, ոչինչ ունին. ասելու ազնվական պարոնին. ընտրություն չկա, պիտի հնազանդվիլ ճակատագրին։ Այս պատճառով, շատ հող ունեցող ազնվականը ունի յուր քամակում շատ ֆերմեր, հետևաբար և շատ ժողովուրդ։ Ո՞վ չգիտե հողի մեծ պաշտոնը նաև մինիստրերի ընտրության ժամանակ։ Այսինչ ազնվականի հողի վերա բնակվում է այսքան մարդ, և մինիստրի ընտրություն կա մեջտեղում. այդ ազնվականի հողը մշակող բազմությունը, եթե այն ազնվականի անունը չգոռա, վաղը հող չունի, որ հավասար է ասելու, վաղը հաց չունի։ Անգլիո տնտեսական գերությունը, մանավանդ բաղդատելով նորա, այլ ճյուղերում ունեցած, ազատ օրենսդրությանը հետ, զարհուրելի է:

Երբ տերությունը պետք ունի, երբ պատերազմ ունի, շատ անգամ յուր մասնավոր հաճույքի կամ մինիստրի անձնական հարաբերության պատճառով հառաջացուցած, որից հասարակ ժողովրդի՝ ազգի համար չկա ոչ ջերմություն և ոչ սառնություն, տերությունը դառնում է դեպի ազգը, ազնվականը դիմում է դեպի յուր հողի վերա բնակվողները, կարդում է ճառեր, բորբոքեցուցիչ հորդորներ, «ա՛զգ, զինվոր տո՛ւր, ա՛զգ, դրամ տո՛ւր, ա՛զգ, կյանքդ տո՛ւր քո հայրենիքը պահպանելու և նորա պատիվը տեղը բերելու կամ առավել փառավորելու համար»։ Եվ խեղճ ազգը կրում է ծանր հարկեր, զոհում է յուր առույգ զավակները թշնամին վանելու համար, ոգևորվում է հաղթությամբք, տաղեր է երգում, և գործը ավարտելուց հետո ուրախ-ուրախ վերադառնում է յուր տեղը, կարծելով և հավատալով, թե մեծ գործ կատարեց, հայրենիքը փրկեց, հողը փրկեց և պատիվը պահեց։ Սորանից ավելի կոպիտ և խոշոր հեգնություն