1876 թ. Այվատյանը իր հրատարակած «Արարատում» սուլթանական կարգերի դեմ գրած հոդվածների համար ենթարկվում է խոշտանգումների և կարճ ժամանակ անց մեռնում:
էջ 10, տ. 7. «Մեղու» պատկերազարդ երկշաբաթաթերթը լույս էր տեսնում 1856-ից մինչև 1865 թ., որից հետո ընդհատվում է և վերահրատարակվում 1870 թ.: Խմբագիրն էր նշանավոր հրապարակախոս Հարություն Սվաճյանը: «Մեղուն» արևմտահայ դեմոկրատների օրգանն էր և շնորհիվ խմբագրի հրապարակախոսական տաղանդի, ժամանակին լայն ժողովրդականություն ուներ արևմտահայության մեջ:
էջ 10, տ. 7. «...Եվ «Մեղուին» և պ. Այվատյանին մեր շնորհակալությունը հայտնելով»— Նալբանդյանը նկատի ուներ «Մեղուի» 1861 թ. փետրվարի 10-ին (№ 124) «Չքնաղ հյուրընկալություն» և Մատթեոս Այվատյանի նույն համարում տպագրած «Եկեղեցվո կառավարությունը սահմանադրակա՞ն է, թե միապետական» հոդվածները:
էջ 10, տ. 13. Առաջին, երբ մեր փոքրությունը ոտք կոխեց Պոլիս, ազգային լրագիրները մի երկու տող գրեցին մեր մասին» — Մ. Նալբանդյանի Պոլիս կատարած այցելության առիթով «Մեղուն» գրել է. «Շատուց ի վեր կճանչեինք պ. Նալբանդյանը իր հրատարակություններովը «Հյոլսիսափայլ» օրագրին մեջ և իր ոգվույն և սկզբանցը լավ ծանոթ ըլլալով հեռուեն, հեռուեն կօրհնենք նաև իր և իր արժանապատիվ աշխատակիցներուն ջանքերը ի լուսավորություն ազգին և մասնավորապես Ռուսիաբնակ ազգայնաց: ...Ուստի հիրավի բախտ մը կհամարինք մեզ համար պ. Նալբանդյանին ի Պոլիս գալուստն ու մեր ճանչվորությանը իրեն հետ»։
Նրա գալստյան առթիվ դրվատական հոդված տպագրեց նաև «Արևմուտքը»։
Էջ 10, տ. 18. «Այդ հրատարակությունքը, անշուշտ, ազգի մեծագույն մասին վերաբնավ ազդեցություն չգործելով, երևում է թե նետի նման ծակել են չխոստովանված փիլիսոփայի անձնասիրությունը» - Չամուոճյանը «Նալբանդյանի մեկ նամակի վրա» հոդվածում գրում է. «Պ. Մ. Նալբանդյանցը մայրաքաղաքս եկած ժամանակը իբրև գերակատար իմաստուն մը հոչակվեցավ։ Ամեն տեղ այս սովորությունը կա. դուրսեն նոր բան մը գալու ըլլա նե, առջի բերանը կգովվի...»։ Եվ ապա. «Երբ պ. Նալբանդյանցը Կ. Պոլիս ոտք կոխելուն պես լրագիրները զինքը գերապանծ իմաստուն մը և ազգի պարծանք հրատարակեցին նե, որո՞ւ հետ ինչ պայման դրած եղան. չէ՞ մի որ մեկ լավ վկայություն մըն էր, ինչպես որ ժողովուրդը քահանայության նվիրվելույն... վկայություն կուտա»։
«Չքնաղ հյուրընկալություն» հոդվածում Սվաճյանը զգալով, որ «գիտնական» պատվելուն ամենից շատ վրդովել են Նալբանդյանի հասցեին ասված մեծարանքի խոսքերը, գրում է. «...Պ. Չամուոճյան կփափագի, որ Ազգին մեջ ինք միայն ճանչցվի գիտուն,իմաստուն, պերճիմաստ, աստվածարան, փիլիսոփա և այլն...
Ասոր համար, ով որ Ազգին մեջ անուն կստանա, կհարգվի ու կսիրվի, անոր նախանձը կզայրացնե և ալ այնուհետև առիթ մը կբռնե անոր վրա հարձակվելու և եթե բնավ մեկ կերպով մը չկրնա հաղթել անոր՝ իսկույն բողոքականության և անհավատության մուր մը կքսե անոր վրա, վասնզի այս զենքը շատ զորավոր գտած է և այս զենքը ապահով միջոց մը՝ կույր խղճահարներու սիրտն ամեն ատեն իր վրա տաք պահելու»։
Էջ 10, տ. 27. «Որ հոչակավոր Ֆոքսը...»—Չարլզ Ֆոքս (1749—1806) անգլիացի քաղաքական գործիչ: Քսանամյա հասակում արդեն ճանաչված հռետոր էր և զբաղեցնում էր ծովակալության կրտսեր լորդի պաշտոնը: Պաշտպան կանգնելով ամերիկյան գաղութների ազատագրական ձգտումներին և հակառակ դիրք բռնելով կառավարության