ես վարձու տալ և այդ կերպով օգուտ քաղել քո հողից։ Եթե հող վաճառելու սկղբունքը թույլ տրվի, այն ժամանակ աղքատության և թշվառության սկզբունքը կընդունվի։
Կարող է պատահել, որ ոմանք մարդիկ կամ ժառանգաբար, կամ յուրյանը աշխատությամբ, ավելի հարուստ լինելով, իսկ ոմանք մարդիկ կամ յուրյանը ծուլության պատճառով կամ մի դժբախտությամբ,աղքատ լինելով, աղքատը կվաճառե հարուստին յուր հողը, կմնա անհող և կզրկե յուր սերունդը ևս այն հողի վերա իրավունք ունենալուց: Ապա եթե մի գեղի մեջ, 100 տարու միջոցում, հողերը, աղքատից, հարուստին վաճառվելով, գեղի հասարակության սեփական նշանակված հողի քանակությունը անցնե քսան մարդու ձեռք, ասել է թե բովանդակ գեղացիք պիտի վարձ վճարեն այն քսանին, հողը մշակելու և գործելու իրավունքը ձեռք բերելու համար, քանզի ինքյանք վաճառած լինելով, հարկ է որ և գնեն։ Իսկ եթե 200 տարու, միջոցում այդ քսան տերը դառնա երկու կամ մի, այդպիսի դիպվածում դարձյալ նույն թշվառությունը չէ՞, ինչ որ այժմ ունիս Անգլիո մեջ, նույն մոնոպոլեոնը չէ՞ և հետևանքը հողատիրոջ տարապայման հարստություն, իսկ անհող շինականաց տարապայման աղքատություն չէ լինելու։ Այո՛, փորձերը ուսուցին, ի վերջո, և առօրյա ապրուստի կարոտությունը ստիպում է մի փոքր խելացի լինել։ Հողը պատկանում է հասարակության, որի ամեն մի անդամ հավասար իրավունք ունի հավասար քանակության վերա, հավիտյանս ժամանակների և մի կողմից վաճառելու իրավունք չունենալով, իսկ, մյուս կողմից. առանց արգելքի, հողը գործելու և արդյունավորելու իրավունքը անկողոպտելի պահելով, այդ հասարակության անդամը և նորա սերունդը հաստատում է յուր կյանքը մի ամուր և ապահով հիմքի վերա. և անհնար է, որ նա կամ աղքատության հանդիպի կամ իսպառ կարոտ մնա։
Մեք վկայում ենք, որ այս պայմանը ծնրադրությամբ կընդունին, քանզի սո՛ւրբ է, քանզի մարդկայի՛ն է, քանզի արդա՛ր է։
Այժմ հարցնում ենք, հարո՞ւստ է անգլիական ազգը, եթե մի քանի գործարան փակվելով, կամ մի ժապավեն գործածութենից դուրս ընկնելով բյուրավոր մարդիկ և բյուրավոր գերդաստանք, դառն աղքատության հետ պատերազմելով, կարող են սովամահ կորսվիլ։ Հարո՞ւստ է ֆրանսիական ժողովուրդը, եթե մի քաղաքում մի քանի գործարանք փակվելով, մի ահագին բազմություն գործավորների կդատապարտվի դեպի մուրացկանություն... Չէ՛, հարուստ չէ, ասում ենք, և այն, դրականապես: Որևիցե աղքատ համարված ազգ, եթե ունի մի կտոր հող, ապահովել է