Այս էջը հաստատված է

«Անցյալ շաբթու «Երկու տող» անուն տետրակ մը տպվեցավ մեր տպարանի մեջ, հորմե իմացանք, որ «Վարդապետարան» անուն քրիստոնեականը Ռուսիո մեջ դատապարտվել են հետո Գերապատիվ Գաբրիել վրդ. Այվազյան շրջաբերական մըն է հրատարակել, ուր ըսեր է, թե հայոց եկեղեցվո ընդդեմ տպված բոլոր կտորները տպագրության սխալանք են:

Գերապատիվ վարդապետին այս մասին մեջ սխալիլը մեզ ևս պարտավորեց բողոքով ծանուցանել Արգո Հասարակության, թե ոչ միայն աստվածաբանական շարադրությանց անկարող ենք, այլ և հիշյալ Վարդապետարանին ձեռագիրն ու տպված թղթերուն Տպագրեսցինն (bon a tirer) ստորագրյալ քովերնիս կեցած են և ով որ կամի, պատրաստ եմք ցույց տալով ստուգելու, թե տպարանեն դուրս ելածը իրենց ձեռագրույն իսկ և իսկ նման է»:

էջ 32, տ. 33. «Պարոն Այվազովսքին յուր դպրոցի կանոնների մեջ (§ 34)» Տե՛ս «Մասյաց Աղավնի», 1856 թվական № ժ, «Արևելյան վարժարանի բարեկարգման հիմունքը», էջ 257, § ԽԴ.:

էջ 33, տ. 20. «Կեցցէ Հոգևոր վարժությունը, կեցցէ Լոյոլան»— Ակնարկը վերաբերում է Այվազովսկու ճիզվիտական վարքագծին։

Իգնատիոս Լոյոլան 1534 թվականին Փարիզում հիմնադրում է ճիզվիտների կրոնական կազմակերպությունը (օրդենը), որը կոչված էր պայքարելու ռեֆորմացիայի դեմ։ Այն հաստատվեց պապ Պողոս III-ի կողմից 1540 թվակնին։ Լոյոլայի «Հոգևոր վարժություն» գիրքը (Exercitia spiritualia) դարձավ ճիզվիտների գաղափարական հենարանը։

«Հոգևոր վարժության» գլխավոր իմաստը հռոմեական եկեղեցուն լիովին հպատակվելու մեջ էր։ Կազմակերպության մեջ գործողը պետք է իր մեջ սպաներ ամեն անհատականություն, դառնար կույր գործիք կազմակերպության հրամանները կատարելու հարցում։ Գիրքը պահանջում էր բարոյական հասկացությունները հարմարեցնել կազմակերպության նպատակներին։ Շատ արագ ճիզվիտների կազմակերպության անդամները «Հոգևոր վարժության» ազդեցության տակ ընկնում էին մի ինչ-որ բարոյական հիպնոտիզմի մեջ և դառնում ամեն ինչի ընդունակ արարածներ։

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
(էջ 34)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրվել է 1862 թվականի հունվարի երկրորդ տասնամյակից մինչև 1862 թվականի ապրիլի կեսերը։ Առաջին անգամ տպագրվել է 1862 թվականին Փարիզում, Կարապետ Շահնազարյանի տպարանում Սիմեոն Մանիկյան կեղծանունով։ Ռուսաստանում առաջին անգամ տպագրվել է 1906 թվականին Նալբանդյանի Երկերի երկհատորյակի II հատորում։ Ապա մտել է ԵԼԺ III հատորը (1940)։ Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել առաջին հրատարակությունը։

Նալբանդյանի գրքի լույսընծայման մասին առաջին հիշատակությունն առկա է Մ. Բակունինի 1862 թվականի մայիսի 15-ին (հունիսի 6) Նալբանդյանին գրած նամակում. «Ուղարկում եմ Ձեզ այն բրոշյուրը, որ Դուք խնդրել էիք Ձեր բարեկամի համար (Լ. Խաֆաֆյան խմբակցություն), տարաբարյան լեզվով-այսինքն կուղարկեմ, եթե պանը (Լ. Չերնեցկի—խմբ. այն ստացել է և կտա ինձ այսօր։ Այս մասին ես գրել էի նրան մի քանի օր առաջ, բայց դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել—հիմա ինքս գնում եմ նրա մոտ։ Ինչքան որ տա, այնքանն էլ կուղարկեմ, չէ որ նա ճարպիկ է» (M. Лемке, Очерки освободительного движения «шестидесятых годов», СПб, 1908. страница 82).