յուր կյանքը․ մինչդեռ անգլիական գործավորը, որ ապրում է այսօր, չգիտե թե վաղը պիտի հնար ունենա՞ ապրելու թե ոչ․ քանզի չգիտե, թե պիտի շարունակե՞ գործարանը յուր գործը, որ և նա աշխատելով ստանամի քանի շիլլինգ և հոգա յուր ընտանիքը։
Ի՞նչ հարկավոր է մեզ ազնվականների անհուն հարստության տեր լինելը, ի՞նչ հարկավոր է մեզ անգլիական դրամանոցի հսկայությունը, ի՞նչ հարկավոր է անգլիական կառավարության դրամի կարոտ չլինելը, կամ ուրիշներին փոխ տալը[1], մինչդեռ միլիոնավոր ժողովուրդի կյանքը կախվում է բամբակից և ժապավենից։ Համաձայնեցե՛ք, որ այդ երկուքը ևս չունին այն հարատև ուժը, որ կարողանան պահել և դիմանալ միլիոնավոր գերդաստանների ծանրության։ Եվ մինչ, բնականաբար կտրվում են, և ահա ողբ, աղաղակ, տառապանք, սով և մահ։ Վաճառականությունը և արվեստը անհրաժեշտ է և մեծապես պատճառ ազգի հարստության, բարօրության և երջանկության, եթե ազգի փոքրագույն մասը պարապում է նորանով, եթե մյուս մեծագույն մասը ամուր նստած է հողի վերա և գործում է նորան։
Այն ազգը, որ չունի հող և երկիր, երբեք չհուսա, որ պիտի հարստանա այդ անբնական մի բան է և դորան հուսալը խելագարություն։ Թո՛ղ բնավ չհուսա, որ առաջ հարստանա և հետո երկիր ձեռք բերե. այդ լինելու չէ։ նախ, որ հարստությունը, որ եթե կա այդ ազգի մասնավորների ձեռքում, կամ վաճառականությունը, որ եթե վաճառականություն\է․․․ հիմք չունի, այլ, իբրև պատահական մի բան, ենթակա է պատահարների ազդեցության։ Երկրորդ, որ հող և երկիր տիրաբար ձեռք բերելու նպատակը և խորհուրդը փառք չէ, պատիվ չէ, դոքա երեխայական գաղափարներ են, այլ հնար գտնել յուր կյանքը և գոյությունը ապահովելու համար։ Եվ հավատացե՛ք, որ վաճառականությունը և արվեստը որչափ որ ծաղկին, թեև առանց երկրագործության չկա և վաճառականություն[2], որչափ որ մասնավոր մարդիկ միլիոններ դիզեն, այսուամենայնիվ ենթակա են բամբակի և ժապավենի ազդեցության։ Մի մրրիկ, մի փոթորիկ. և․․․ Գնա՛ տխրադեմ ցնցել դատարկ քսակները, որոնց մեջ լցված էին երբեմն ոսկին և արծաթը։