Այս էջը սրբագրված է

իր ձերբակալության մասին։ «Նամակում» հիմնական հարվածը ուղղված էր Նալբանդյանի գաղափարական կատաղի թշնամի Գաբրիել Այվազովսկու դեմ, մերկացնելով նրան և՛ որպես «զրպարտիչ», և՛ որպես «չարախոս», և՛ որպես «կրոնադրուժ», և՛ որպես «տիրադրուժ», և՛ որպես «ապերախտ», և՛ որպես «մատնիչ», «խավարապաշտ», «խաբերա», այսինքն՝ այնպիսի բազմազան դեմքերով, ինչպես նա ներկայացված է «Երկու տող» պամֆլետում և նրա մյուս գործերում։ Եվ իր բոլոր այս բնութագրումների համար «Նամակում» բերված կան այնպիսի փաստեր, որոնց հետ մենք արդեն հանդիպել ենք Նալբանդյանի մոտ, մասնավորապես նրա «Երկու տողում»։ Բերենք ուղղակի տեքստային համընկնումների մի քանի օրինակ։

1. «Անցան գնացին այն ժամանակները, երբ մարդիկ կուրորեն հավատք կընծայեին հոգևորականաց կեղծուպատիր խոսքերուն, կխաբվեին անոնց խարդախամիտ խոստմունքներեն, կհամբուրեին անոնց չարագործ ու պիղծ ձեռքերը, կսարսափեին անոնց այլանդակ նզովքներեն» («Նամակ»)։

«Անցան և անդառնալի անցան այն խավար օրերը, երբ մարդիկ երջանիկ եին համբուրելով մի սևագլխի քղանցք կամ շատ անգամ զոշաքաղությամբ, պոռնկությամբ ապականված մի ձեռք» («Երկու տող»)։

2. Գաբրիել Այվազովսկին «Օսմանյան պատմության» մեջ հայոց ազգը հերձվածող է կպոռա, ու հետո կելլե կըսե, թե առանց իր կամքին վանքը ավելցուցեր է այն կտորները» («Նամակ»):

«Պարոն Այվազովքին «Օսմանյան պատմության» մեջ հայոց ազգը հերձվածող է գանչում»։

— Այդտեղ նա մեղավոր չէ. առանց նորա կամքին, վանքը հավելացուցել է այդ էջերը» («Երկու տող»)։

3. Գաբրիել Այվազովսքին «մեր եկեղեցմույ. գիրկը դիմելեն ետքը տպագրած «Վարդապետարանին» մեջ հայոց եկեղեցվո վարդապետության դեմ կխոսի, ու հետո անամոթաբար կըսե, թե տպագրության սխալներ են անոնք» («Նամակ»)։

«Քրիստոնեական հավատս «Վարդապետարանի» մեջ, պարոն Այվազովսքին հակառակում է բուն հայոց եկեղեցու վարդապետության։

Տպագրության սխալանք են. գրաշարը շարադրել է այն բոլոր կտորները» («Երկու տող»)։

4. Գաբրիել Այվազովսկին «յուր այնքան տարվան բարեկամը ու հոր տեղ դրած ծերունին, Թեոդորյան Սարգիս վարդապետը, մինչդեռ նա Հռովմա և սուրբ Ղազարու վանքին դեմ պատերազմելով կպաշտպաներ զինքը, ինքը նույն միջոցին լրտեսական թղթեր կգրե աբբային, սոսկալի զրպարտություններ բարդելով անոր վրա... Իսկ այն սարսափելի զրպարտությունները անշուշտ իրեն ծայրահեղ փառասիրությանը հնազանդելով, որպեսզի ինքն ալ անոր տեղը անցնի» («Նամակ»)։

Գաբրիել Այվազովսքին հայտարարում էր «թե հրեա Սարգիսը յուր վերա շարժեց վանքի բարկությունը, պարոն Այվազովսքիի տպագրությամբ անըսգտանելի հռչակված հրեա Սարգիսը, մինչդեռ պատերազմում էր պարոն Այվազովսքիի օգտի համար, սա գրում էր Աբբային լրտեսական նամակներ («Երկու տող»):


Ուշագրավ է մի հանգամանք. Գաբրիել Այվազովսկու Սարգիս Թեոդորյանի նկատմամբ թույլ տրված խարդավանքների նկարագրության ընթացքում տողատակում գրված է հետևյալ բացատրությունը, — «Թող չսրդողի եթե մենք ալ այս գործողությունը Եզոպոսի սառած օձին ու բարեր գյուղացույն առակը իրեն շատ հարմար տեսնենք»։ Այդ նույն