Այս էջը հաստատված է

բազմանում է ամենայն ընտանի անասուն և գրաստ, ուր բուսանում է բամբակ, ցորյան, բրինձ, վարսակ, գարի, տորոն, սուսամ, շաքարեղեգն, ճակնդեղ և այլ, հազար բուսական և ընդեղեն, և ուր շերամադարմանությունը, և մետաքսագործությունը կարող են ծաղկիլ ու բարգավաճիլ:

Այս անվանված բերքերից, գեթ, երկուքը կամ երեքը բավական են հարստացնել մի բազմություն, որ արիաջան փութով պարապում էր այն նվիրական գործով։

Ո՞ւր արդյոք կարող են անվաճառ մնալ և վնաս տալ երկրագործին բամբակը, մետաքսը, շաքարը, ցորենը և այլն։ Մեք չենք կարող թույլ տալ, թե հայոց ազգը չգիտե այս։ Բայց, միանգամ սովորություն է եղել նորան այն ճանապարհը, որով գնում է և այժմ ծանր է շարժում դեպի մի այլ ուղղություն։ Ահագին տխրության ամպ ծանրանում է մեր սրտի վերա, երբ մտածում ենք, թե անգլիացին գնում է Կանադա, Ավստրալիա, Հնդկաստան. ֆրանսիացին թողնում է յուր միշտ անհոգ, միշտ ուրախ և միշտ զվարճ Փարիզը և գնում է Ափրիկեի դժոխային գոտիների տակ՝ մի կտոր հող ճանկելու և նորա մշակությամբ յուր ապագան ապահովելու, մեր սիրելի հայը և ոչ անգամ կամի մտածել յուր ապագայի վերա, նա թողնում է յուր երկիրները և կենտրոնանում է քաղաքներում։ Գուցե, մանր մունր վաճառականությունը, միջնորդությունը, բեռնակրությունը ավելի արժեք ունին նորա աչքում։ Շատ դառն է մեզ ասել այս խոսքը, բայց ծածկել այն, ինչ որ զգում ենք, համարում ենք ոչ միայն կեղծավորություն, այլև վատություն։

Մի քանի տարի կա, որ լսում ենք հանապազ մեր վաճառականներից մի կարծիք, թե հարկավոր է աշխատիլ վաճառականության վերա, որպեսզի ազգը հարստանա։

Երանի՜ թե, ասում ենք մեք. քանզի այն տեսակ վաճառականության մեջ չենք տեսնում ազգային հարստության սերմը։ Եվ մի՞թե կարծում են մեր պատվելի վաճառականք, թե Մենչեստրի, Մարսեյլի կամ այլ եվրոպական քաղաքների հետ առուտուր ունենալը կարելի է անվանել ազգային վաճառականություն միմիայն այն պատճառով, որ ինքյանք հայ էին։ Նոցա վաճառականությունը ազգային չէ՜ և ազգի ընդհանուրի շահի հետ չունի որևիցե վերաբերություն։ Այն ժամանակ միայն կարող է երեվել ազգային վաճառականությունը, երբ նա, գլխավորապես, հայի առաջ բերած նյութը և արդյունքը վաճառե, այն ժամանակ միայն ազգը օգուտ կքաղե մեր վաճառականների գործառնութենից, երբ սոքա միջնորդ լինին հայոց ընդհանրության և Եվրոպիո մեջ, այն ժամանակ ազգային է վաճառականությունը, երբ նորա խարիսխը դրված է ազգի հիմքի վերա։