Եվ մինչև այս թող հայ վաճառականը հազար տարի ապրանք բերե Եվրոպայից ու վաճառե, կամ որ նույն է, օտարի ապրանքը ուղարկե Եվրոպա, ազգին ո՛չ շահ կա և ո՛չ վնաս, որպես նաև ո՛չ ազգային վաճառականություն. վաճառականը թերևս ինքը շահվի, դարձյալ ազգին բան չկա։ Ի՞նչ կօգնե սորա անհատական հարստությունը՝ միլիոնավոր աղքատների ընդհանուր կարոտության։
Կանգնեցուր, եթե կամիս նոր սյուներ, բայց եթե հիմքը ուժ չունի, շինվածքը ի՞նչպես կարող է կանգուն մնալ։
Հարկավոր է հիմքը նորոգել, կենդանություն տալ նորան, ուժ և զորություն դնել նորա մեջ, որպեսզի կարողանա հաստատ պահել յուր վերա լինելոց շինությունը։
Ինչո՛վ պիտի նորոգենք այս հիմքը. լուսավորությո՞ւն տարածելով։ Ո՞ւր են մեր հնարքը, որ կարողանայինք գործ դնել այս խորհրդով։
Հինգ, տասն հոգի ազգասեր, թերևս կարողության տեր մարդիկ, դնենք թե կամենային զոհել յուրյանը ստացվածքը ազգի օգտին, բայց հինգ, տասն ուժը ի՞նչ կարող է օգնել, ի՞նչպես կարող է դեմ դնել միլիոնավոր ժողովրդի կարոտության։ Եվ մի՞թե կարող է արտաքին հոգաբարձությունը լուսավորել և կրթել մի ահագին բազմություն, եթե այդ բազմությունը ինքը չէր դիմում դեպի լուսավորության արևը։ Եվ այդ ահագին բազմությունը, որ առավոտը ղարթելով պիտի մտածե, թե ի՞նչպես սնանի կամ ի՞նչպես սնուցանե յուր ընտանիքը, որպես թե կարող էր մտածել լուսի կամ խավարի վերա։
Մեք չենք հավատում։ Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չէ կարող լինել լուսավորություն։
Թողունք այս, մտահայաց փիլիսոփայությունը արժեք չունի մեր օրերում։ Այն փիլիսոփայությունը, որ անմիջապես չէ բխում մարդկային կյանքից և որ չէ դադարում դարձյալ մարդկային կյանքի վերա, քանի որ մարդը ապրում է և օդ է շնչում, մեք հրատարակում ենք նորան իմաստակություն և խաբեություն։ Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը, և՛ առարկան։ Անցան այն ժամանակները, երբ մի տեսակ երկարաքղանցք, խորամանկությամբ տիրելով մարդկային բանականության, եգիպտական առեղծվածներով պատ գամ էին տալիս նորան, անցան այն ժամանակները, երբ մտածում էին պարզամիտ մարդիկ, թե օդի անչափելի բարձրության մեջ դրած է փիլիսոփայության աթոռը։ Սո՜ւտ, փիլիսոփայությունը երկրագունդի վերա է, մարդն է նորա աթոռը, մարդն է նորա և՛ քննողը, և՛ քննելին։ Բայց մարդը, հառաջ քան թե պիտի գոյանա, հառաջ քան թե գոյանալուց հետո պիտի ապրի, հառաջ, քան թե պիտի քննե և