— միջին թիվը, հազիվ հազ ապրում է, և աղքատությունը, օրեօր, տարածում է յուր սև վարագույրը ազգի վերա։ Զարհուրելի է մեզ երևակայել միլիոնավոր մարդիկ (հարկավոր ևս չէ երևակայել, որովհետև իրականապես կան), օդին ապաստան արած յուրյանց կյանքը։ Նոքա գալիս են և գնում են, «որպես հողմ որ շնչէ, որ ոչ գիտէ ուստի՛ գայ կամ յո՛ երթայ»: Չէ՛, այս անբնական մի գործ է, և ազգի կաթվածահարության աղբյուրը բխում է այստեղից։ Մինչև ազգը չկոտրե այս ուղղությունը, մինչև որ նա չկատարե մի տնտեսական հեղափոխություն, յուր մինչև այսօր բռնած ընթացքի մեջ, և մինչև չդիմե դեպի բնության գոգը, հառաջադիմությունը աներևակայելի է։ Թո՛ղ հազարավոր դառնա հարուստ անհատների թիվը, թո՛ղ հարյուրավոր լինի եվրոպական դպրոցների մեջ կրթություն ստացողների թիվը, ի վերա այսր ամենայնի, ազգի ընդհանրությունը կմնա անշարժ և անդամալուծյալ։ Այն օրից պիտի թվենք ազգային նորոգության դարագլուխը, երբ ազգը դիմե դեպի բնությունը, որ ոչ միայն կարող է փրկել և ազատել ազգը աղքատութենից, այլև, մեծ զարկ տալ նորան հառաջադեմ ուղղության մեջ։
Բնության մեջ չկան այն վտանգները, ինչ որ կան մեքենական վաճառականության մեջ. այնտեղ մարդը ապահովյալ է բնության օրենքներով։ Այն մարդը, որ բնության հետ գործ ունի, որ անմիջապես հողի՛ց ստանում է բնության բերքերը, և նոքա են նորա նյութական ուժը և կարողությունը, հաստա՛տ է յուր ոտքի վերա. նա կարոտ չէ ուրիշին, դորա փոխանակ, ուրիշը կարոտ է նորան։ Մանր վաճառականը, յուր ընթացքի մեջ, կարոտ է մեծ վաճառականին, զանազան միջնորդական տուների, գործարանների և ի վերջո դրամագլխի տեր մարդոց. իսկ այն օրից, երբ նա թողեց նորանց և դեմքը դարձուց դեպի բնության հյուրընկալ գիրկը, հարաբերությունքը փոխվում են, և՛ միջնորդը, և՛ մեծ վաճառականը, և՛ գործարանը, և՛ մյուսը, և՛ մյուսը կարոտ կլինին նորան։ Ուժը կանցնե նորա ձեռք, թո՛ղ, որչափ կամի, փոքր լինի նորա ապրանքը—ուժը, այնուամենայնիվ դրական զորություն է, քանզի ապրանքի փոխարեն պիտի ստանա զուտ արծաթ:
— Մի՛թե այս վաճառականություն չէ՞, մի՛թե այդտեղ չէ՞ կարելի վնասի հանդիպել, և այլ հարյուրավոր հարցական միթեներ լսվում են այստեղ։
— Վնաս, վնասից տարբեր է։ Անհիմն վաճառականության մեջ հարյուրին իննսուն հավանականություն կա վնասի հանդիպելու, իսկ բնականի մեջ, նույնքան հավանականություն նորան չհանդիպելու։ Այլ խնդիր