—Չէ՛, կառավարությունը կառավարություն է, ազգը ա՜յլ, կառավարությունը ա՛յլ։
— Ուրեմն կառավարություն ասելով, պիտի իմանալ որևէ աշխարհի պաշտոնյա՞յքը կամ նոցա գահերե՞ցը։
— ճի՜շտ։
— Ինչո՞վ ապահովում է կառավարությունը այն պարտքը, որ առնում է ժողովուրդից։
— Ի՛նչպես թե ինչով, տերության հողով, գանձով և այլն և այլն։
— Տերության հողը, գանձը և այլն, և այլն կառավարության սեփականությո՞ւնն է, որ գրավ է դնում։
— Տարակույս չկա, դոքա պատկանելիք են կառավարության։
— Ապա ազգը՞։
— Ազգը ինչ վերաբերություն ունի տերության հողին կամ գանձին հետ։ Ազգը ազգ է, ինչպես կառավարությունը կառավարություն է։ Ազգը ա՛յլ, կառավարությունը ա՛յլ։
— Դրոշի փառքը՞․․․
— Ազգի՛նն է։
— Ցնծա՛, ազգ։ Բերանդ հովին բացած, նայի՛ր այն կտոր լաթին, որ կախված է ձողի վերա։
— Բայց նա ինձ կերակուր չէ տալիս — ասում է ազգը։
— Եվ ի՛նչ հարկավոր է քեզ կերակուր, երբ դու ապրում ես այդ փառքով։
Չնայելով այս բոլորի վերա, այդ ազգությունքը հետևում են տակավին յուրյանը կառավարության, ուրիշ աշխարհների տիրելու, ուրիշ ազգությունք սպանելու և յուրյանը դրոշի փառքին նորանց ևս մասնակից առնելու։
Մինչև այժմ բռնակալ աշխարհակալությունքը մի սուտ փաստ ունեին յուրյանը ձեռքում, որ այսօր չէ կարող արդարանալ և մարդկային բանականության դիմանալ։ Ի՛նչ էր այդ փաստը։ Այն, թե հզոր կառավարություն քը տիրում են զանազան աշխարհների, զանազան ազգերի, միմիայն վայրենությունը քաղաքակրթելու համար։ Անձնական շահը չէ՛, ո՛չ, քա՛վ լիցի, մարդկության սերն է, որ ստիպում է նորանց ստրկացնել զանազան ազգեր, որովհետև այդ ազգերը հետ են մնում և չեն քաղաքակրթվում։
— Ա՞յսպես, ուրեմն, Անգլիան Հնդկաստանի մեջ մի որոշյալ կշիռ ափիոնի գնում է ժողովրդից 25 լիբրե ստերլինգի, իսկ ինքը նույն կշիռը վաճառում է 250 լիբրեի, և կառավարութենից ավելի ո՛չ ո՛ք իրավունք