Այս էջը սրբագրված է

Մարդը չէ գողանում, բայց եթե նա չէ գողանում նորա համար, որ օրենքը արգելում է գողանալ, նա գո՛ղ է և ավազա: Մարդը չէ սպանում, եթե այն պատճառով միայն, որ սպանությունը արգելված է, ի վերջո, այն բոլոր հանցանքները, որ նա չէ գործում, եթե չէ գործում իբրև ստրուկ, հնազանդվելով մի գերագույն հեղինակության հրամանի, մարգը սպանող է և անբարոյական։

Մարդը բարոյական է այն ժամանակ, եթե այդ հանցանքները չէ գործում, ոչ թե յուր վերա եղած հեղինակութենից վախելով, այլ, եթե գիտակցությունը և համերաշխությունը դրել է նորան այն կետի վերա, որ նա և հղանալ չէ կարող այդ հանցանքները։ Երբ հանցանքը հղանում է մարդը, գործել է, այնուհետև, թե չէ գործել, մեր համար անբարոյական է, որովհետև եթե օրենքը չարգելուր, պիտի գործեր։ Եվ չգործեց, ոչ թե հասկնալով, որ եթե գործեր, յուր նման մի ուրիշին պիտի զրկանք, վիշտ կամ մահ պատճառեր, այլ որովհետև մեղք է, որովհետև հանցանքի փոխարեն պատիժ կա։ Ասել է, այնպիսին, եթե յուր անձը վտանգելու չլիներ, ինքը ուրիշի անձերը պիտի վտանգեր: Այստեղ բարոյականություն չկա, այս բարոյականությունը պաշտոնական է: Եթե այս կետից նայելու լինինք բարոյականության վերա, վանդակի մեջ փակված վագրը բարոյական է, որովհետև մարդ չի փառատում։ Եվ ի՞նչ տարբերություն կա, մինը (վագրը) ստիպված է չգործել, երկաթե վանդակից, իսկ մյուսը (մարդը) ստիպված է հեղինակության հրամանից։

«Որ հայիցի ի կին մարդ, առ ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա, ի սրտի իւրում»— ասում է Քրիստոսը։ Մեզ հասկնալի է այս:

Սոցա հակառակ, մարդը ողորմություն է տալիս, այսինքն, օգնում է կարոտելոց, եթե նա գործում է այն միմիայն այն պատճառով, որ հավատում է, թե փոխարեն պիտի ստանա... Մեք չենք ընդունում նորան, որպես բարոյական, որովհետև, եթե չհավատար, թե փոխարեն պիտի ստանա, չպիտի գործեր։ Մարդը ուխտում է, եթե ես այս ինչ բան ստանամ կամ այն ինչ բանի հասնիմ, այս ինչ բարեգործությունը գործեմ բարոյականության և հո՛տը անգամ չկա այստեղ, որովհետև, եթե յուր ցանկացածին չհասնի, չպիտի գործե։ Այս առևտուր է, պիտի տա' ստա¬ նալու ակնկալությամբ, բարի պիտի գործե ստանալուց հետո։ Եվ այս բոլորը հեթանոսական և հրեական առմամբ, զոհի անունով։ Մարդկային համերաշխությունը զոհ չգիտե, այնտեղ յուրաքանչյուր անհատ միայն պարտք ունի: Մեր բախտն է, որ անշունչ բնությունը մարդ չէ ոչ, ի՛նչ փոխարեն պիտի տայինք արևին, որ մեզ լուսավորեր։ Զոհի սկզբունքը անարգում է մարդկային արժանավորությունը։