Այս էջը սրբագրված է

Ուրեմն դու այլևս լաց չես լինի ու չես տրտմի, այնպես չէ՞։ Ինձ հաճելի է նախօրոք անսահման հավատալ քեզ այս խնդրում, ինչպես բոլոր այլ խնդիրներում։

Մեր շատ սիրելի քրոջ՝ Գայանեի նամակն անչափ վշտացրեց ինձ այն պատճառով, որ նրա կուրծքը ցավում է և նա հազում է։ Եվ այսպես' վիշտը վշտի վրա։ Ի սեր աստծո, որքան հնարավոր է՝ շտապ գրիր նրան, որ անհոգության չմատնի իր առողջությունւ, որ դիմե լավագույն բժշկի խորհուրդին և կատարե նրա բոլոր պատվերները։ Գրիր նույնպես, որ չտխրեն իմ մասին ու լաց չլինեն։ Ես շատ եմ նեղվում, որ չորս կողմից անընդհատ ռմբակոծում են ինձ արցունքներով. վերջ տվեք, ի սեր Քրիստոսի, այդ բոլորին, վերջապես, անտանելի է այդ։ Ինչ վերաբերում է նրա ուղարկածին անկեղծ շնորհակալ եմ, բայց ես, ինչպես բազմիցս ասել եմ քեզ, մի անգամ էլ կրկնում եմ—ինձ ոչինչ հարկավոր չէ, մի՛ ուղարկիր։ Խնդրում եմ՝ թող սիրելի քույրիկս զբաղվի իր առողջությամբ. նրա առողջությունից է կախված իր ամբողջ ընտանիքի բախտը, իսկ դա երկրորդական խնդիր չէ։ Հանգստացրու նույնպես մեր ծնողներին։ Ներքին զգացմունքս ասում է, որ ես նրանց կենդանի կտեսնեմ։ Բոլոր հարազատներիս, ազգականներիս և ծանոթներիս ողջունիր իմ կողմից։ Շնորհավորում եմ նրանց բոլորի առաջիկա նոր տարին և Քրիստոսի ծննդյան և հայտնության գալիք տոները։ Ի սրտե ցանկանում եմ նրանց բոլորին ամենայն բարիք։

Սեղմում եմ Հովհաննես եղբորս ձեռքը։ Ափսոս որ նա այնքան զբաղված է, որ չի կարող մի ժամով կտրվել գործերից՝ ինձ հետ տեսակցելու համար, ասենք, գործը գերադասելի է տեսակցությունից։

Ի սրտե շնորհակալ եմ սիրելի բարեկամ Անանիա Պավլովիչ Սուլթան-Շահին, նրա՝ իմ վիճակի մասին հայտնած կարեկցության համար, ես երբեք չեմ ՛կասկածել նրա՝ դեպի ինձ տածած սիրո մեջ։ Այդ մասին ինքը լավ գիտե։ Բայց նա, հավանորեն, ըստ իր սովորության, դնում է, ինչպես մեզ մոտ են ասում՝ «փայտե ձիու վրա«». որովհետև երկու շաբաթից ավելի է, իսկ նա դեռ ճանապարհորդում է Մոսկվայից Պետերբուրգ, տրովադյան ձին էլ արդեն հասած կլիներ։ Շատ ուրախ եմ, որ նա քննություն է տալիս դոկտորի աստիճան ստանալու համար, ի բոլոր սրտե ցանկանում եմ նրան հաջողություն ոչ միայն քննությունների, այլև գիտության ասպարեզում։ Ի դեպ՝ մի խնդիրք ունեմ նրան, ասա,

178