կարծիքի մասին, թե «Տարոնի գավառում ավելի շատ, քան մի այլ տեղ, պահպանվել են լեզվի լավագույն ձևերը»։
Ես հարգում եմ հանգուցյալ հայրենակցիս գիտելիքներն ու տաղանդը, այնուամենայնիվ, գնում եմ այլ ուղղությամբ։
Տարոնի բարբառը նա հանձնարարում է բացարձակորեն, իսկ մենք ընդունում ենք միայն հարաբերականորեն, որովհետև նրա առաջ բացարձակորեն ստրկանալը մեզ ուղղակի կհասցնի անվերջ հակասությունների։ Չէ՛ որ ժողովուրդը թողել է կամ այսպես ասած՝ ապրել, անց է կացրել (пережил) հին լեզվով, հին ձևով իր մտքերը շարադրելու շրջանը և սկսել է գործածել նոր, վայրի, չմշակված ձևը ո՛չ թե նրա համար, որ առաջինը վատ է կամ այլանդակ է նորից, կամ ընդհակառակը՝ նորը լավ է և գեղեցիկ է հնից, այլ նրա՛ համար, որ հնացած-անցած ձևերն այլևս չէին համապատասխանում նրա մտքերի կառուցվածքին։ Միևնույն պատմական պատճառը, որ հարկադրել է ժողովրդին թողնել հին ձևը կհարկադրի նրան չենթարկվել բացարձակորեն որևէ բարբառի ձևերին և այնքան ավելի խուսափել նրանից՝ հօգուտ նոր պրոգրեսիվ լեզվի, որքան այդ բարբառի մեջ տեսնում ենք լիովին պահպանված հին լեզվի ձևերը։ Ժողովուրդը մշակված և բավական ճկուն հին լեզուն թողել է անհրաժեշտաբար, որովհետև հին ձևով այլևս չի հասկանում—ապա ի՞նչ տրամաբանությամբ մենք կարող ենք դիմել մի բարբառի, որտեղ այնպես առատ են հին ձևերը։ Նոր լեզուն բոլորովին կկորցնի իր իմաստը, եթե նա չպետք է դիտվի ինքնուրույնաբար։ Ես ինքս էլ առաջ, ավելի կամ պակաս չափով, պաշտպանում էի այն ուղղությունը, որ այժմ դրվատվում է «Կռունկում», բայց ես ճգնաժամ ապրեցի, և իմ աչքերը բացվեցին։ Ինձ համար այժմ կարևորություն չունի, թե ո՜ր բարբառով ավելի նրբագեղ են խոսում, այսինքն՝ ավելի մոտ հին ձևերին. ես փնտրում եմ ուրիշ բան, թե որ բարբառում ավելի շատ են լեզվի մշակված, կենդանի ձևերը։ Հին ձևերի համար, որոնք (եթե, ինչպես հավատացնում են) գործ են ածվում Տարոնի բարբառում, ես վերջինիս դիմելու հարկ չեմ զգում, որովհետև ես դրանց կարող եմ գտնել 5-րդ կամ հաջորդ դարերի ամեն մի կլասիկ երկում, բայց եթե նրա (Տարոնի բարբառի) մեջ կան ժամանակի ընթացքում մշակված, մեր արդի պահանջներին համապատասխանող նոր ձևեր, ապա խնդրեմ տվեք։