Այս էջը սրբագրված է

ում կարճ Ժամանակամիջոցում բավականաչափ օրինակներ կան, որպեսզի հնարավոր լիներ մատնացույց անել. Անանիայի եղբայրը և իմ քրոջորդի Վատուժյանը դեռ կարող են նրան օրինակ ծառայել։ Այն կյանքը, որ այժմ վարում է Գրիշան, նրան ոչ մի արդյունքի չի հասցնի, իսկ նրա հիշյալ եղբայրը նրա մասին մտածել անգամ մոռացել է։ Դա նրա համար մեծ կշտամբանք է։ Մի խոսքով, Անանիան թող գործադրի նրա ամբողջ ուժը, ամբողջ փորձառությունը, որպեսզի նրան դուրս բերի արժանավայել ուղու վրա, որպեսզի ստիպի նրան աշխատել և կանդիդատի քննություն տալ ֆիզիկո֊մաթեմատիկական ֆակուլտետի համար։ Կա ընդունակություններ ունի և կարող է, եթե դուրս գա բարոյական այդ կապանքից, որի մեջ մի անգամ ընկել է, և ընկնելով, հուսահատության է մատնվել, կարծելով, թե հնարավոր չէ սխալն ուղղել։ Ես լավ գիտեմ, որ հենց միայն այդ հուսահատությունը կործանում է շատերին։ Մինչդեռ միշտ հնարավոր է ուղղվել, եթե միայն մարդ կամք ունի, եթե նա չի դադարել գիտակից «ես» լինելուց։ Եթե Գրիշան լիներ որևէ բթամիտ երիտասարդ, ես այդքան չէի ափսոսա, բայց չէ՛ որ նա բոլորովին էլ սովորական ընդունակությունների տեր մարդկանցից չէ, չնայած, դժբախտաբար, ընտանիքի աղքատությունը հարկադրել է նրան ապրել Իսահակի հետ, իսկ սա Գրիշայով բոլորովին չի զթաղվել և թերևս նրան այլևս չի էլ օգնում, այս ավելի ճիշտ է թվում։

Սրա մասին ես գրում եմ միանգամայն լուրջ և թող Անանիան առանց կատակի զբաղվի դրանով, եթե չի ցանկանում մի օր նորից այնպիսի վիճակի մեջ ընկնել, որպեսզի առաքյալի նման ասի. «Երիցս քարկոծ եղէց»։

Իսկ եթե նրան այդ գործը հաջողվի, ապա նա ինձ մեծագույն ծառայություն մատուցած կլինի, դեռ չեմ ասում, որ նա փրկած կլինի մի խորտակվող մարդու, այդ ինքնին հասկանալի է։ Թող Անանիան գրի նրա հետ ունեցած իր խոսակցության արդյունքի մասին, և նրա նամակից կարելի կլինի իմանալ, թե դեռ հույս կա՞ Գրիշայի փրկության համար։ Թող նա (Գրիշան) կանդիդատություն ստանա, մնացածի մասին ես նրան կասեմ։ Կասկած չկա, որ նրան դեռ անհրաժեշտ է սովորել և հատկապես պարապել աստղաբաշխությամբ, երկրաբանությամբ, հանքաբանությամբ և քիմիայով։ Հիշյալ այս բոլոր գիտություններն անհրաժեշտ են, իսկ հայերեն ինքս հանձն կառնեմ նրան սովորեցնել։