Այս էջը սրբագրված է

այն պատասխանը, որ իբր «ատոմների զանազան դասավորություններից է կախված միևնույն քիմիական բաղադրությունն ունեցող նյութերի տարբերությունը, ինչպես օրինակ՝ քարյուղի և սաթի» և այլն։ Ափսոս, որ մանրադիտակը հարկավոր լափով դեռ չի կատարելագործված։ Եթե քիմիան ու մանրադիտակը մի քանի քայլ ևս առաջ գնային, այն ժամանակ հենց միայն հիացմունքից, հենց միայն բանականության հաղթանակից կարելի էր մեռնել։ Ափսոսալ միայն կարելի է, որ քիմիան և մանրադիտակը կանգ են առել արդեն այն սահմանագծի վրա, այն շեմքում, որտեղ արդեն իսպառ վերջանում է զանազան սուտ իմաստակությունների սահմանը և սկսվում է նոր ճշմարիտ ճանապարհ։ Բայց հենց այստեղ էլ նրանք դժբախտաբար կանգ են առել։

20-րդ և հաջորդ դարերի մանուկը հավանորեն պիտի ժպտա Բերցելիուսի, Լավուազեի, Լիբիխի և Ֆրեզենիուսի միամտության վրա, ինչպես որ դու ժպտում ես փիլիսոփաներից մեծագույնի՝ Արիստոտելի վրա, նրա՝ ուղեղը սպունգի հետ համեմատելու համար— ինչպես և ուրիշ շատերի վրա։

Խնդրում եմ Անանիային գրես, որպեսզի հիմնավորապես և մասնագիտորեն ուսումնասիրի արհեստականորեն ձկներ բազմացնելու խընդիրը. սա մի մեծ բան չէ, տեսականորեն ֆիզիոլոգիայից մենք ամենքս գիտենք, բայց իմ խոսքը գործնական ուսումնասիրության մասին է, որպեսզի նա ի վիճակի լինի ձեռքով կատարել, կամ ստիպել ձկան կատարելու այն գործողությունները, որ նա կատարում է մեզնից հեռու և գաղտնի։ Հավանորեն նույն կերպ կարելի է նաև ստերլյադ բազմացնել, հետևապես՝ նաև ամեն տեսակ ձուկ. սա շատ կարևոր է տնտեսական տեսակետից։

Պետք է, վերջապես, գիտությամբ պարապել․ թե չէ՝ ի՞նչ արժեք ունի միակողմ ունի սոսկ բժշկությունը— ինչպես իր արհեստով զբաղվող մի որևէ արհեստավոր. այսպես վարվելը և՛ ամոթ է, և՛ հանցանք։ Ցավում եմ, որ նա գլխի չի ընկել Նախիջևան ուղարկելու Կոխինխինյան հավի մի քանի ձու—կբազմանային նրանք այնտեղ, ապա կարելի կլիներ տարածել և ուրիշ տեղեր։ Մի անգամ էլ կրկնում եմ կենդանիների և բույսերի օդընտելացումը մարդկային կենցաղի բարելավման մի նոր աղբյուր է. առաջ հիմնականում կար միայն երկու աղբյուր՝ հող և աշխատանք, բայց այժմ օդընտելացումից կարելի է օգտվել իբրև երրորդ աղբյուրից՝ առաջին երկուսի՝ հողի և աշխատանքի օգնությամբ։