Այս էջը սրբագրված է

լինում այս ազգասիրական գործին։ Այժմ տեսանելով այդ արգելառիթ Հանգամանքների փոփոխությունը, տեսանելով մանավանդ, որ չուխոնները մինչև անգամ հրաման ստացան Ռուսաստանի մեջ օրագիր տպելու, կրկին անգամ զորացավ մեր սրտի ցանկությունը, և սկսեցինք հետևել այս գործին, որ մեզ ևս թույլտվություն լինի տերությունից տպել ամենայն ամիս հայկական օրագիր Ռուսաստանի հայերի համար։ Այս խորհրդով պ. Նազարյանցն ամսույս տասնիննից խնդիր գրեց ազգային լուսավորության նախարարին, որի հետ միասին ուղարկեց և տպելի օրագրի պայմանքը, որի համառոտ պարունակությունը այս է. առաջինը՝ որ այդ օրագիրը պիտի դուրս տա պ. Նազարյանցը, ամենայն ամիս ութածալ ութն թերթ (իմ անվամբ խնդրել չէր կարելի, պատճառ, որ ես համալսարանում լինելով և բժշկությամբ պարապելով, չունիմ իրավունք հայտնի կերպով պարապել այսպես բանի, թեպետև առանձին գործակից եմ օրագրին, ըստ որում մի մարգի անկարելի է այդ գործը կատարել)։ Երկրորդ՝ օրագիրը բաղկանում է չորս մասնից, այսինքն՝ Ուսումնական, բանասիրական, Պատմական և Բնական հատվածներից, որոնք, համաձայն հոդվածների պարունակությանը, պիտո է զարդարվեն գեղեցիկ պատկերներով և օրինակներով։ Երրորդ՝ օրագիրը պիտո է անվանվի «Հյուսիսային փայլողություն» (Северное сияние) և ամենայն ամսական տետրակի վերա պիտո է տպվի որպես անունը, նույնպես այս փայլողության պատկերը։ Հույս ունինք, որ տերությունը հրամայե, եթե միայն մի արգելքը որ կա, մի կերպով վերանա՝ այսինքն Մոսկվայի մեջ հայոց լեզվի ցենզոր չլինելը։

Այս մասին խնդրի մեջ ասված է, որ անգամ ընդունեն Մոսկվայի ցենզուրնի կոմիտետին հայ Գուբերնսկի սեկրետար Գեորգ Կարապետյան Սուրենյանցը. սա ավարտել է յուր ուսումը Լազարյանց ճեմարանում, Լիցեական արտոնությամբ, արժանացել է 12-երորդ աստիճանին, գիտե ինչպես հայոց, նույնպես և այլ արևելյան լեզուները և այժմ վարԺապետ է նույն ճեմարանի մեջ։ Գիտելով, որ տերությունը հանձնառու չի լինի հայ ցենզորի համար ջոկ ռոճիկ նշանակել, հոժարացել ենք ինքներս նորան տարեկան բավականություն տալ և խնդիրի մեջ գրել ենք, թե նա առանց վարձի պատրաստ է ծառայել, որպեսզի տերությունը չհանդիպի դժվարության և թույլ տա։

Լավ գիտեմ, որ թե այդտեղ մի հոգաբարձու մարդ չունենանք այս

53