Այս էջը սրբագրված է

43. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ

ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ

ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ,

27 հոկտեմ. 1859, Մոսկվա

Գիտեմ բարկացած ես իմ այսքան անկամ լռությանս պատճառով, բայց պիտի ներողամիտ լինես, եթե իմանաս իմ ողորմելի վիճակը և դրությունը, որի մեջ գտնվեցա մինչև այս րոպես։

Սիրտս շատ կոտրած է, և ոչինչ բան աչքիս չէ երևում, վերջին հուսահատության մեջ։ Այս բոլորի զորությունը Մոսկվա գաս՝ կիմանաս, թեև չեմ կարծում, որ բոլորովին անգետ լինիս իմ հանգամանքներին, ըստ որում դեռ անցյալ տարի բացել էի քեզ իմ սիրտը։ Չկամիմ երկայր գրել, որովհետև սիրտս լցվում է արյունով, և կյանքս մաշվում է։

Այժմ այսքան ասեմ, որ գնում եմ Պետերբուրգ, կանդիդատի քննություն տալու, որպեսզի մի արժանավոր տեղ ծառայություն գտանելով, կարողանամ օրական ապրուստ ճարել և բժշկությունը շարունակել։ Պետք է որ ես ինքս գտան իմ ճարը, ըստ որում ոչ մի կոպեկ ստանալու հույս չունիմ ոչ մի կողմից։ «Հյուսիսափայլից» ձեռք վեր առիթ ըստ որում մի ժանգոտ կոպեկ չեմ ստանում։ Ի՞նչ հարկավորություն ունիմ էշի նահատակ լինելու։ Այդ ի՛նչ խելագարություն է, որ ես ուրիշից պարտք առնեմ ապրեմ, «Հյուսիսափայլի» վերա տիվ և գիշեր աշխատեմ , բայց «Հյուսիսափայլից» մի կոպեկ չստանամ, այդ ո՞ր գրքի մեջ գրված է։ Եվ ո՞ր մարդը, որ չուներ բնակություն, կերակուր և զգեստ, կարող է գործ կատարել և այն՝ ձրի։ Մինչև այժմ ես զոհ եղա, թող աստված ընդունե այդ զոհը, բայց տես անում եմ, որ այսուհետև անկարելի էլ: Քեզ քաջ հայտնի է, որ ես բարոյապես թուլացած չեմ, կարող եմ շատ աշխատել, բայց աշխատելու համար հարկավոր են պայմանք, որ ես չունիմ և որի մասին չկամիմ ոչ ոքի բերան բանալ և բան խնդրել։

Այս պատճառով ոչինչ մասնակցություն չունիմ այսուհետև «Հյուսիսափայլին» հետ. ինչ որ օտար աշխարհից բերած՝ տվել էի «Հյուսիսափայլին», պիտի տպվի հոկտեմբերի տետրակի մեջ և այնուհետև բարյավ մնա հայոց ազգը։ Գրիչս պիտի կոտրեմ և ձգեմ. մյուս անգամ հայոց ազգի անուն տված ժամանակները ևս պիտի սիրտս խառնվի