Այս էջը սրբագրված է

մինչև Կալկաթա հասանում է 18,000 վերստից մինչև 20,000 վերստ, ուրեմն գնալը և գալը 36,000 վերստից մինչև 40,000 վերստ։ Այս կատակ չէ, հավելացուր սորա վերա և այն դժոխային եղանակները կամ ծովային մրրիկները և վտանգները, որոնք շատ նավեր և շոգեշարժ պտուտակավոր նավեր կուլ են տվել և տալիս են անդադար, որպիսի վտանգներ պիտի աչքի տա՜կ առնու ճանապարհորդը։ Ուր թողունք զանազան պատահարները այդպիսի հեռավոր և վայրենի աշխարհներում Ասիայի մեջ և այն անակնկալ դեպքերը և ծախքերը, որ մինչև պատահելը չեն երևում մարդու աչքի և եթե կանխատես չէիր, ապա նոքա կծառայեն քեզ հուսահատության և անտանելի նեղության առատ աղբյուրի տեղ։

Եթե այս բաները ևս անտես առնենք, չէ պիտո գեթ մոռանալ այն, որ գնացող պարոնները, որպես քաղաքի երեսփոխանք, պիտի երևին թե Հնդկաստանի հայոց լուսավոր հասարակության և թե անգլիական մեծամեծների, պիտի գնան նոցա մոտ և նորանց պիտի ընդունեն յուրյանը մոտ և այսպես անդադար գործ ունենալով նոցա հետ, չեն կարող խոզի նման բնակվել Հնդկաստանում, առանց յուրյանը սեպհական պատիվը, կամ քաղաքի պատիվը, որի երեսփոխանքն էին, ոտքի տակ դնելու։

Մեք այս բաները գրում ենք որպես լոկ քաղաքացի և որպես լոկ ազգի օգտին ցանկացող, առանց այն պատճառի, թե հասարակության ընտրությունը ընկնելու էր մեր վերա։ Եթե ձեր մեջ կան քաջ մարդիկ, որ առաջարկված պայմաններով (3000) կարող էին հանձն առնուլ, գնալ և գործ կատարել, ամենայն մաքրությամբ հոգու ցանկանում ենք այնպիսուն կատարյալ հաջողություն և ողջամբ վերադարձ, հանդերձ քաղաքի շահով։

Շատ և շատ ուրախ կլինինք, եթե ազատ մնանք մեք այդ հանձնարարութենից , որի վերա գուցե թե պատահի զոհել և մեր կյանքը, որ կարծում ենք, թե չէ կատարել դեռևս յուր խորհուրդը ազգին վերաբերությամբ, նույնպես համարձակվում ենք ասել, թե անօգուտ չէր նա ազգին։

Իսկ եթե քաղաքը, որի մեջ ծնած եմ, միաբան ցանկությամբ խնդրե մեզանից, ազգի անունով հանձն առնուլ այս ծանր պաշտոնը, այն ժամանակ չենք հրաժարվում և պատիվ կհամ արինք մեզ ծառայություն ցույց տալ ազգին, եթե միայն այդ պաշտոնը հիմնվի կարելի պայմանների վերա, որ կգտանեք նամակիս վերջումը։