Այս էջը սրբագրված է

§ 2. Գնացող երկու պարոնները, երեսփոխան կարգվելով և ստանալիքը դատաստաններով ձեռք բերելու իրավունք ստանալով քաղաքի կողմից, չեն կարող գուշակել այժմեն, նույնպես և քաղաքը չէ կարող գուշակել և սահմանել, թե ո՜րքան ժամանակ հարկավոր էր մնալ Հնդկաստան, ուր կարողանային բոլորովին ավարտել այդ գործը։ Գուցե թե ոչինչ բան կորած չէ, այլ ամենայն բան յուր կարգով պահպանվում է, և գնացողները իսկույն պիտի ստանան կամ արծաթը կամ անշարժ կայքերը, իսկ թե բանը պիտի ընկնի դատաստանի, այն ժամանակ, ով գիտե, պատահի, որ տարիներով հարկ լինի մնալ, և մեք օրինակ ունինք հ. Սարգիս Թեոդորյանին ինն տարի այնտեղ մեռելկոխ լինելը, մինչև կարողացավ Մուրադյան արծաթագլուխը կորզել և տանել ձգել Մխիթարյանց ձեռքը։

Դուք կամ քաղաքը, առաջարկելով գնացողներին երեսփոխանություն և դատաստան մտանելու կամ արծաթ կամ կայք ստանալու իրավունք, ոչինչ պայման չեք առաջարկում, որ եթե այն գնացողը հարկադրվին այնտեղ երկար մնալ, ի՞նչ պիտի ստանան քաղաքից յուրյանց կառավարության համար Հնդկաստանում։ Բացի սորանից։ Դուք և քաղաքը դատաստանը աչքի տակ առած լինելով, չէ պիտո մոռանաք, որ գնացողը գործ ունին անգլիական դատարանի հետ, որ բոց դատաստան լինելով (окрытый суд) գործերը կարոտ են երկու կողմից փաստաբանների պաշտպանության։

Ավստրիայի կամ մի ուրիշ բռնակալ տերության դատաստան չէ, որ մի քանի թուղթ սևցնելով կամ մի քանի աստիճանավոր կաշառելով, գործին հերիք հոգաբարձություն արած համարվիս, այնտեղ այդպիսի բան չկա. երկու կողմի փաստաբանքը դատավորների ներկայությամբ բերանացի կխոսին և կպաշտպան են տրված թղթերի բովանդակությունը և իրավունքը։ Այսպես լինելով բանը, պիտո է մտածել և վարելու դատի ծախքի վերա ևս։

§ 3. Ձեզ քաջ հայտնի պիտի լինի, որ Մասեհ Բաբաջանի թողած կայքը վաճառելի բան չէ, այլ միայն նորա եկամուտը պիտի ստացվի կտակի զորությամբ։ Մեզ մինչև այժմ ոչինչ բան հայտնի չէ, թե ի՞նչ կա այնտեղ, բան մնացե՞լ է, ովի՞ ձեռքում կամ ո՞ւր և ի՞նչ են արել տարեկան եկամուտքը կամ մյուս կտակների զորությամբ ավանդված կայքերը։

Եթե այս բաները կորած չեն դեռևս, որ եթե ոչ քաղցրությամբ, գոնե

7-580