Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/102

Այս էջը հաստատված է

Մեր ցեղապետը սարսափած այս մահագուշակ պատասխանից, խորհուրդ է կատարում Խանի կերակուր պատրաստողի հետ, սպանել Խանը գիշերով, մինչ նա քնած էր անկողնի մեջ։

Գիշերը կոխում է, ապարանքի մեջ հանգչում են ճրագները, պալատականներից ամեն մարդ գնում է յուր տեղը, ներքինապետը ևս տանելով Խանի սենյակը վրացի Մարիան, գնում է կանանոցը հանգստանալու։

Կես գիշերին մեր ցեղապետը խոհարարի հետ զրահավորված դաշնակներով, մտանում են Խանի սենյակը, այստեղ երկյուղ է տիրում խոհարարին, այնպես, մինչև որ կամենում է թողնել ու փախչել, բայց մեր ցեղապետը քաջալերում է նորան և ասում է, թե մտանելուց հետո դատարկ դուրս գնալը մեծ հիմարություն էր, և թե ստորագրել էր յուրյանց մահու դատակնիքը, այս խոսքերով համոզում է խոհարարը և երկու դաշնակը ցցվում են Խանի կուրծքի մեջ։ Մարիան շփոթված այս սպանության երեսից, կամենում է աղաղակ բառնալ, բայց սրածայր դաշնակը կապում է նորա լեզուն։

Մեր ցեղապետը և խոհարարը կողոպտում են Խանի բոլոր գույքը, որոնց մեջ լինում է և շատ անգին գոհարներ և այս մատանին ևս, իսկ հանի մարմինը գորգերի մեջ փաթաթած տանում են, դնում են այն նեղ վանդակապատ տեղը, որի դուռը հայտնի էր միայն պալատականներին և Խանին, և ուր Խանը նստելով լսում էր յուր դատավորների կատարած դատաստանը փառավոր դահլիճի մեջ. այս դահլիճը և այս գաղտնի դուռը յուր վանդակապատ շենքովը, տեսանվում է մինչև այսօր ևս Բաղչե-Սարայում Խան-Սարայի մեջ։

Մեր ցեղապետը և խոհարարը լավ հասկանալով, որ այս սպանութենից հետո անհնարին պիտի լինի մնալ Ղրիմի մեջ առանց յուրյանց անձը վտանգի տակ ձգելու, իսկույն գրում են մի ճանապարհաթուղթ, և կնքելով նորան Խանի կնիքով, անհայտանում են նույն գիշերը Բաղչե–Սարայից։ Հետևյալ օրը մտանում են նավ, և փախչում են Կոստանդնուպոլիս, մանավանդ այն մտքով, որ թանկագին գոհարները վաճառեն Տաճկի Սուլթանին։

Բայց ագահությունը հղացնում է ճանապարհին մեր ցեղապետը մի նոր մարդասպանութենով. նա միտքը դնում է սպանել խոհարարը, որպեսզի ինքը տեր մնա բոլոր հարստությանը։ Այս խորհրդով, Կոստանդնուպոլսի մեջ, չնչին արծաթ վճարելով մի ենիչերու, սպանել է տալիս խոհարարը փողոցի մեջ անողորմաբար, և ինքը մնում է տեր բոլոր կայքին։ Այստեղ յուր գոհարների միջից մի ամենաթանկագին ադամանդ, շատ հազվագյուտ յուր գնովը, նվիրելով Սուլթանին, ստանում է Բասրայի