Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/109

Այս էջը հաստատված է

— Ինչպես կարելի է այդպիսի բան. մինին խոսք տալ, մյուսին՝ հարսն:

Մանուշակը կարողություն չուներ այլևս լսելու, նա չգիտեր ինքն յուրյան, և վեր թռած մահճակալի վերա, թե ի՞նչ ջերմեռանդութենով համբուրում էր Աստվածածնի պատկերը, որ կախած էր նորա ննջարանի անկյունում մահճակալի վերա, չէ կարելի նկարագրել. արտասվում էր, փայփայում էր պատկերը և այնքան մոռացել էր ինքն յուրյան, որ չլսելով հոր երկու անգամ ձայն տայը, հարկագրեր յուր հորը ներս մտանել Մանուշակի ննջարանը, երբ դուռը բացվեց, այս ձայնը տպավորություն գործելով նորա ջլերի վերա, ետ բերեց նորա զգայությունը։ Նա տեսավ յուր հորը կանգնած ննջարանի շեմքի վերա։

— Ի՞նչ ես առնում այդտեղ, Մանուշակ։

— Փոշին մաքրում եմ պատկերի վերայից, հայրի՛կ,— պատասխանեց դուստրը։

— Ե՛կ այստեղ,— ասաց հայրը ելանելով ննջարանից։

Երբ Մանուշակը ներս մտավ հյուրընդունարանը, Թյությունճի-Օղլուն հպարտ–հպարտ բերեց մատանին, և հագցրեց Մանուշակի մատը և ասաց.

— Այս մատանին քո նշանածինն է, որի հետ այսօր նշանվեցար. նա տալիս է քեզ այս գրավական, որ դու նորանն էիր, իսկ ես քո կողմից երաշխավոր եմ կացած իմ ազնիվ խոսքովը։

Մանուշակը արտասուքը աչքերում փաթաթվեց հոր վզին, թյուր անգամ համբուրեց նորան, հետո վազեց դեպի մայրը, նորան ևս նույնպես գրկախառնեց և քանի անգամ փոխ առ փոխ կատարեց այս ամբոխված գրկախառնությունը բոլորովին մեքենաբար և առանց գիտակցության։

Այս միջոցին, աղախինը ներս մտավ մի նամակ ձեռքին, Թյությունճի-Օղլուն շտապեց բանալ և կարդաց այսպես.

Գերապատիվ Թյությունճի-Օղլու.

Ես Ղրիմում եմ ահա, իմ գործը սկսել եմ ինչպես արժանն էր, և կմնամ այստեղ մինչև հունիսի վերջը, իսկ հունիսի վերջին ղրիմցի տղայոց հետ կերթամ շոգեշարժ նավով Կոստանգնուպոլիս, այնտեղից նույնպես նավով Տրապիզոնտ, իսկ Տրապիդոնտից իմ ուխտը կատարելու համար — Մշու Սուրբ Կարապետ, որտեղից Կովկասու վերայով կվերադառնամ Աստածով մինչև օգոստոսի 15։

Այսքան ծանոթություն տալուց հետո արժան եմ համարում այս ևս