Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/118

Այս էջը հաստատված է

Բ

Պ. Մարկոսը, ներս մտանելով Շաքարյանցի տունը, չգտավ նորան այնտեղ։ Հարցնելով ծառայից իմացավ, որ դյութությամբ պարապում է դարձյալ ախոռում։ — Ի՛նչ անքրիստոնյա մարդ է դարձել դա,— մտածում էր պ. Մարկոսը պ. Շաքարյանցի մասին։ — Աստված, հրեշտակները, սուրբերը, նահատակները թողած, բան է բռնում սատանաների հետ, ահա ի′նչ է նշանակում դաստիարակության պակասությունը։ Եթե նա կարդացած լիներ այն գրյանքը, ինչ որ ես կարդում եմ, այն ժամանակ, մազերը գլխի վերա ցցվելու էին։ Ես երանելի մարդ եմ,— մտածում էր նա, — որ երեխա ժամանակից աշակերտվեցա Սիմոն վարժապետիէն,այնպիսի կարդացող և աստվածաբան մարդու։ Ի՞նչ գլուխ ուներ, ինչ ուսում ուներ, կարճ խոսելով, փիլիսոփա մարդ էր։ Ի′նչպես գեղեցիկ մեկնում էր ժողովածուն. ապա եկեղեցի և կաթողիկոս բառերի մեկնությունը, չկարծեմ, որ եպիսկոպոսները ևս այնպես իմանան։ Աստված լուսավորեցի քո հոգին, Սիմոն վարժապետ, եթե դու չլինեիր, եթե քո դրյանքը ինձ ժառանգություն չմնային, ո՞վ գիտե, ո′վ կարող է երաշխավոր լինել, գուցե ես պ. Շաքարյանցի նման գլուխս տայի դիվական պարապմունքի։

Այստեղ պ. Մարկոսը երեք անգամ երեսը խաչ հանեց, որպես թե հրաժարվելով դևերից և վահանափակելով յուր անձը սատանայական փորձանքների երեսից, հետո հարց արեց ծառայից, թե վաղո′ւց է արդեն, որ նորա պարոնը գնացել էր ախոռ։ Ծառան պատասխանեց, թե բավական ժամանակ է։ — Բայց,հավելացրեց նա,— ես չկարծեմ, որ այսօր շուտ ավարտվի նորա հանդեսը, պատճառ, շատ պատրաստությունք տեսավ ախոռը մտանելուց հառաջ։

— Ի՞նչ պատրաստությունը,— սկսեց պ. Մարկոսը հարց առնել։

— Հրամայել էր ինձ գտանել մի բոլորովին սև կատու, մի սև հավ, մի հայելի, մի որձ չղջկի կուրծքի կարթաձև ոսկր, մի պտուկ և այլ մանրամասնությունք, որ ուրիշ ժամանակ չէր գործ ածում։

— Ես կերթամ նորա մոտ և կասեմ, որ թողու այժմ այդ բանը մի այլ ժամանակի...

— Չգնաք, չգնաք, աղաչում եմ,— գոռաց ծառան, համարյա թե արտասուքը աչքերում,— այդ վնասակար կլինի և ձեզ և իմ պարոնիս։ նա միշտ այդպիսի դիպվածներում արգելում է մտանել ախոռը և մոտենալ նորան, որովհետև չար ոգիների ազդելուց կարելի էր խեղանալ իսկույն կամ անդամալուծվիլ։

— Ապա Հավատով խոստովանիմը ո՞ր օրի համար է, հիմա′ր. Նարեկացու