Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/128

Այս էջը հաստատված է

— Ուրեմն բոլորը տասն մարդ,— ասաց պ. Մարկոսը,— մեզանով կլինի տասներկու. առաքելական թիվ է, խորհրդավոր է։ Միայն գիտե՞ս, ես այդ մարդերից մի քանիսին չեմ ճանաչում, իսկ այսպիսի հրավերի ժամանակ, հարկավոր էր որ վերահասու եղած լինեինք դոցա բոլորի բնավորությանը, որովհետև առանց այսպիսի խտրության, հանդիպողին հրավիրել, իմ կարծիքով, հիմարություն է։ Նախ, այն պատճառով, որ մեր խնջույքի մեջ կարող էր մի անախորժ դիպված հառաջանալ, պատճառված որևիցե հիմարութենից. երկրորդ, զանազան խոսակցությունք ծագել, որ ընդդեմ էին մեր ուրախությամբ ոգևորված ընկերության ուղղությանը։ Պատահում են մարդիկ, որ առանց ուշադիր լինելու տեղին, հանգամանքներին և պատշաճին, փիլիսոփայություն է, որ առնում են և այդ կերպով գլխացավություն պատճառելով ներկա գտնված մարդերին, արդեն հերիք պատճառ են դառնում, որ նոցա հոգին ուրախութենից դեպի տրտմություն փոխադրվի: Եվ ճշմարիտը պիտո է ասել, ուրախության մեջ ի՛նչ հարկավոր են ուսումնական խոսակցությունք. մարդը ուրախանալու ժամանակ պիտի մոռանա յուր անձը, յուր որպիսությությունը, յուր շրջակայքը և հանգամանքները, որ ուրախությունը համ տա նորա բերանին։ Խոսքը մեր մեջ մնա, մարդը այդպիսի ժամանակ պիտի մի փոքր անասնանա... կարծեմ, դու ևս ընդդեմ չես այս իմ կարծիքին։

— Քո ասածը զուտ ճշմարտություն է, ի՛նչպես կարելի է ընդդիմանալ նորան, ամենայն ժամանակ ուսումնականություն հա ուսումնականություն անտանելի է, մարդու գլուխ կճաքեցնե. մյուս կողմից ի՛նչ մի մեծ վնաս է, եթե մարդը երբեմն երբեմն անասնանա նույնպես. հավատա՛ ինձ, անասունի կյանքը մեր կյանքից շատ վատ չէ աշխարհի երեսին։

— Դու ևս ճշմարիտ ես խոսում։

— Բացի դորանից, մարդը ինչո՛վ է զանազանվում անասուններից և ի՛նչ բանով գերազանց է քան թե անասունքը, մի՞թե նորանով, որ խելոքները և ուսումնականքը գոռում են, թե մարդը բանականություն ունի, թե նա մի բարոյական էակ է և այլն և այլն. ամենևին ոչ։ Մարդու զանազանությունը և գերազանցությունը անասուններից այն է, որ անասունը խմում է այն ժամանակ միայն, երբ ծարավի է. իսկ մարդը և ծարավի չլինելով կարող է բաժակներ դատարկել։ Անասունը խմում է միայն լոկ ջուր, իսկ մարդը, ցույց տալով յուր մեծությունը և անասուններից գերազանցությունը, խմում է ոգիավոր հեղանյութք, երբեմն 30° և երբեմն ավելի բարձր աստիճանի։ Արի՛, ճշմարիտը խոստովանենք, պ. Մարկոս, մի՞թե մարդը ևս մի տեսակ անասուն չէ. բայց մեր

10 Մ. Նալքանդյան, Երկեր