Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/133

Այս էջը հաստատված է

ոսկի շինել և գտել են այն դեղը, որի օգնությամբ կարելի է քանի հարյուր տարիներ ապրել։ Ֆրանսիսկյան կարգի աբեղայքը, նորա նախանձոտ եղբայրակիցքը, դատապարտեցին նորան որպես կախարդ, երևի թե պղնձյա գլխի համար, որ խոսում էր և համարում էր ոչինչ պակաս, քան թե կարող էր մարդը, և խեղճ Րոճեր Բեքոնը յուր դավաճան կարգակիցների ձեռքով ձգվեցավ բանտի մեջ։

Այդ միջոցին ալքիմիայի ասպարիզում փայլում էր մի այլ նշանավոր մարդ, ոչինչ պակաս յուր գիտությամբ քան թե Բեքոնը։ Սա էր Ալբերտոս Բոլստետյանը, կամ Ալբերտոս Մեծը, որ համբաված էր որպես երևելի կախարդ և ծնած է Շվաբիում, 1205 թվականին։ Նա մտավ Դոմինիկյան կրոնավորների կարգը Քյոլն քաղաքում և վերջապես դարձավ Րեգենիսբուրգի եպիսկոպոս։ Սա ևս Բեքոնի նման աշխատում էր այն ամենայն ուսման և գիտության մեջ, որ վերաբերում էին մարդուն, magnus in magia, major in philosophia, maximus in theologia[1] : Շատ են այս մրդու աշխատությունքը, բայց ալքիմիայի մասին երկու։ Առաջինը անվանվում է De Alchymia[2]այստեղ կարգում է քիմիական նյութերի մանրամասնությունքը, որ հայտնի էին յուր ժամանակին, նկարագրում է անոթները, որ գործածության մեջ էին այն միջոցներում, և զանազան փորձեր և նկատողոլթյունք, որ հաջողել էր նորան կատարել։ Երկրորդի առարկան են հանքերը, որ ցույց են տալիս հեղինակի հասուն գիտությունը քարերի, մետալների և աղերի որպիսութեններին։ Ալբերտոսը վարժապետ էր Թովմաս Ակվինացու, որ նույնպես թողել է մի աշխատություն ալքիմիայի մասին, բայց այդ աշխատությունը, նորա բոլոր մյուս աշխատութենների նման պատած է ծածկախոսության մառախուղով։ Այս աստվածաբանի աշխատութենների մեջ աոաջին անգամ տեսնում ենք աստեղահմայության և ալքիմիայի զուգակցությունը։

Ազգային կարծիքը ասում էր, թե Ալբերտոսը ունի մի գերբնական գործակից, որ օգնում էր նորան աշխատության մեջ, այլև հաղթելու այն բոլոր դժվարութեններին, որոնց հանդիպում էր նա։ Ալբերտոսը մի անգամ ճաշի խնդրեց յուր մոտ մի հոլանդացի կոմս։ Յուր երևելի հյուրը ավելի պատվասիրելու համար հրամայեց նա սեղան դնել այգում. եղանակը ձմեռն էր։ Հայտնի բան է, որ կոմսը և նորա մարդիկը զարմացան ալքիմիկոսի այս գործողության վերա, ըստ որում գետնի երեսին ընկած էր մի քանի ոտնաչափ ձյուն։ Բայց Ալբերտոսը սեղան նստած

  1. (Լատ.) Մեծ՝ կախարդության մեջ, ավելի մեծ՝ փիլիսոփայության մեջ, ամենամեծ՝ աստվածաբանության մեջ։ (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով, խմբ.)։
  2. (Լատ.) Ալքիմիայի մասին։ (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով, խմբ.)։