Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/136

Այս էջը հաստատված է

Երբ հարկադրեցին Պրայսին փորձ կատարել ժողովի անդամների առաջև, նա պատասխանեց, թե չունի այլևս այն փոշիները, առանց որոնց անհնար էր, բացի սորանից մեջ բերեց մի քանի այլ պատճառք։ Ժողովը ժամանակ տվեց նորան փոշիներ պատրաստելու համար, և հետևյալ տարումը պիտի վճռվեր նորա գաղտնիքի գործը, բայց ալքիմիկոսը չկամենալով հայտնել յուր գաղտնիքը, մահադեղ ընդունելով մեռավ։

Բացի այս երևելի մարդերից ուրիշ շատերը պարապած են այս գիտութենով, բայց ցույց տալու համար թե ուշադրության արժանի էր այս ուսումը, հերիք համարվում է այս հարևանցի գծագրությունը։ Այժմ անցանենք համառոտապես դնել այստեղ ալքիմիայի տեսությունը, թե նա ի՛նչ հիման վերա կարելի է համարում ոսկեգործությունը, և թե ի՛նչ հնարներ ունի այդ մասին։

Ջեբերի տեսությունը այսպես է, թե բոլոր մետաղները բաղկացած են ժիպակից և շատ կամ փոքր մաքուր ծծումբից (բացի այս երկու տարրական մարմիններից Ջեբերը խոստովանում էր և մի երրորդ մարմին— մկնղեղը). այսպես տեսանելով բոլոր մետալները, ուրեմն և ոսկին, ապա հարկավոր էր փորձել և իմանալ, թե այս մարմիններից որքան և ինչչափով գտանվում են ոսկու մեջ, կամ մյուս հասարակ մետալների մեջ. հասկանալով այս բանը, մյուս մետալների բաղադրական մասները հավասարելով ոսկու բաղադրական մասներին, անտարակույս անագը, պղինձը, երկաթը և մյուսները փոխարկվելու էին դեպի ոսկի։ Այս փորձերի մեջ ներգործողքը էին զանազան աղեր, պաղլեղ, արջասպ, ապակի, բուռա, քացախ և կրակ։

Ջեբերի ժամանակից սկսած մինչև երկու հարյուր տարի հետո, ալքիմիան, անդադար մշակվելով, փոխեց յուր տեսությունը և դարձավ այսպես. որովհետև ոսկու բաղկացուցիչ մասները շատ կամ սակավ գտանվում են մյուս բոլոր մետալների մեջ, և որովհետև սաստիկ խառնված լինելով պահանջում են մի ամենազուտ մաքրողություն, այդ պատճառով կրակը է մի մեծ ներգործող, որի կարողությունը անսահման է։ Ոչինչ չէ հառաջանում առանց նորան. իսկ նորանով ամենայն բան կարելի է։

Կրակի օգնությամբ, հանքերը հողային վիճակից հեշտությամբ կարող են հեղափոխվիլ դեպի մետալ, իսկ կերպարանափոխությունը, որ գործվում է նոցա մեջ կրակի ազդեցութենից, է մի ապացույց, թե այդ մետալները կարող են առավել ևս կատարելագործվիլ։ Ալքիմիկոսք կարծում են, թե կրակի միջնորդությամբ, ամենախոշոր մետալները կարելի է հեղափոխել դեպի լավ, այսինքն դեպի ոսկի։

Այս համառոտ ծանոթաբանությունը քաղված է վերոհիշյալ գրչագրից