Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/147

Այս էջը հաստատված է

հաջողել էր յուր խորհրդական խառնուրդից ստանալ անարատ ոսկի։

— Վերջին փորձն էր մնացել,— ասաց Մանթուխյանցը, մի կտոր հաց բերանը դնելով,— և ճշմարիտը պիտո է ասել, փոքր մնաց, որ մեղանչեի այս սուրբ գիտության ընդդեմ․ յոթանասուն վեց զուր փորձերը դղրդել էին իմ հույսի և հավատի հաստատությունը, և այդ վերջին փորձը եթե զուր գնար նույնպես, պիտո է գլորեր ինձ հուսահատության ծովը։ Բայց աստված ողորմեցավ երեսիս ջրին։ Վառեցի կրակը, շարեցի քուրայի մեջ զանազան մետալներով լցրած հողեղեն ամանները և սկսեցի փուքսի գործադրությամբ զորացնել կրակը, որով և բարձրացնել ջերմության աստիճանը, որ անպատճառ հարկավոր էր դժվարահալ մետալները հալեցնելու համար։ Բավական չէր միայն նոցա հալվիլը, այլ և հարկավոր էր որ եռ գային, այս պատճառով թողեցի այդ սաստիկ կրակի մեջ իմ պատրաստությունքը, դուրս գնացի արվեստանոցիցս մի փոքր մկնդեղ բերելու, մետալների հետ խառնելու համար։ Բայց երբ վերադարձա դեպի արվեստանոցս, չես կարող երևակայել, թե ինչ աստիճանի հասավ իմ կատաղությունը։ Հողեղեն ամանները ո՜րը ճաքվել էին և որը բոլորովին փշրվել, այնպես, որ ոչինչ նյութ մնացած չէր նոցա մեջ։ Երկաթի գավազանով խառնելով քուրան, հասկացա, որ հալածէին մետալները կրակի տակ քուրայի մեջ, որ նախատեսությամբ հառաջուց պատել էի բարակ մաղած մոխրով։ Հեռացուցի կրակը։ Հալած մետալները, որ խառնվելով միմյանց հետ կազմում էին մի փոքրիկ լճակ, և որի երեսի վերա սերի պես կանգնել էր կապտագույն կեղևը, գրավեցին իմ ուշադրությունը, կանաչ ու կապտագույն բաց կարմիր բարձրանում էր նորանից։ Սիրտս կոտրած էր բոլորովին, որովհետև համարում էի թե զուր է գնացել աշխատությունս, ըստ որում մկնդեղը պակաս էր։ Վերջապես սառեցավ խառնուրդը և կարելի եղավ քննել նորան... ո՜վ, բախտիս, գործողությունը հաջողվել էր այնպես, որ առավել լավ չէր կարելի ցանկանալ...

Այս խոսքերը խոսելով, Մանթուխյանցը հանեց կեղտոտ և հնոտի սերտուկի ծոցից մի սևագույն դեղին մետալի կտոր և դրեց սեղանի վերա։ Բայց նորա սիրտը և հողին այնպես ջերմացած էին այդ մետալի վերա, որ իսկույն հափշտակեց դարձյալ սեղանից և բռնելով ձեռքում զննում էր, չտալով Շաքարյանցի ձեռքը։

— Լա՜վ է, լավ, թող ես ևս տեսանեմ,— ասաց Շաքարյանցը,— դու տեսել ես և դարձյալ կտեսանես։ Բացի դորանից, քո համար մի զարմանալի բան չէ, ո՞ր ապաքեն դու ես դորա արարիչը, ո՞չ ապաքեն էգուց փուդերով կարող ես ստանալ․ թող մի լավ զննեմ դորան։