Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/156

Այս էջը հաստատված է

ընտանիքի տեր դարձած, նոր տեսած կյանքի արևը, որոնք դուռը միշտ բաց է իմ պես աղքատների համար. տոնի, զատկի, տալիս են մի բան, եթե մկրտություն կամ մի այլ հոգևոր պետք կատարվի նոքա տանը, նույնպես չեն մոռանում ժամակոչը։ Որքան և իցե, այդպիսի մարդերից տարու մեջ ստանում եմ գո՛նե մի մանեթ. ճշմարի՛տ, եթե այդպիսիք մեռանին, մինչև չորս հինգ մանեթ կստանաս, բայց, բանը այս է, որ այդ չորս կամ հինգ մանեթով բոլոր հաշիվդ կվերջանա մեռանողին հետ։ Ահա այսպիսի մարդիկ, եթե մեռանին, ափսոսում եմ. բայց այն մյուս մարդի՞կը, որոնցից ոչինչ արդյունք չունինք, որոնց շեմքը երբեք չենք կոխած, որք հացը մի անգամ ուտում են, մյուս անգամ կշռում, թե մի՛ գուցե պակաս էր, որ բոլորովին նման են անպիտան ձիու, որի տերը միմիայն օգուտ, որ կարո՛ղ էր քաղել նորանից, այդ էր նորա կաշուցը, որ սատակելուց հետո կարող էր վաճառել, ըստ որում նորա կենդանությունը չէր արժում և նորա կաշուն։

— Այն մարդը, որի համար փորում ես այդ գերեզմանը, նույնպես պատկանում է այս վերջի՞ն տեսակի մարդերին։

— Ավելի վատթար։ Սա, մեր եկեղեցու նախկին երեսփոխանն էր, տասն և հինգ տարի կատարեց այս պաշտոնը, բայց ի՛նչպես, մի հարցրու։

Տարին մի անգամ մի քանի քահանայք գալիս էին հաշիվ տեսանելու, բայց ի՛նչ հաշիվ, ի՛նչ քննություն։ Հանգուցյալը լավ գիտեր յուր բանը։ Հաշիվը սկսանելուց հառաջ, պատրաստում էր, ահա այն ծառերի տակ, խորովածը, գինին և արաղը։ Անտարակույս, հառաջ գնում էին այդ բարությունքը վայելելու, որ մի փոքր ուժ ստանան այն մեծ և երկար, ամբողջ տարու մանրամասն հաշիվը քննելու համար։ Խելացի էր շատ մեր երեսփոխանը, նա սկսանում էր մի մի արաղից և բանը բերում էր հասցնում էր այնտեղ, որ հաշվետեսքը տաղ չէին թողնում, մեղեդի, շարական չէին թողնում, որ չերգեին... Սովորաբար առավոտյան տասն ժամից կսկսվեր այս բանը և կտևեր մինչև ժամը երկու կամ երեքը ճաշից հետո. այս միջոցին երեսփոխանը ասում էր. «այժմ սկսենք հաշվի բանը, որովհետև մի երկու ժամից երեկոյան զանգակը կզարկեն, ժողովուրդ գուցե սկսանի գալ եկեղեցի և խափան լինել մեր գործին»։ Առհասարակ շատ բարեսիրտ են մեր քահանայք, այս չէ կարելի ուրանալ. երախտագիտության մասին ևս հետ չեն ժողովրդից. այս պատճառով ևս ասում էին.— Օրհնա՛ծ, այսքան տարի եկեղեցու դռանը ծերացար, այժմ պիտի խարդախությո՞ւն գործեիր հաշիվների մեջ. մի՛թե մենք չենք հավատում քեզ։ Մեր գալը մի օրենք է, որ կատարում ենք, լցուցանում ենք առաջնորդի հրամանը, որ սաստիկ պատվիրում է ուշի ուշով քննել