Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/159

Այս էջը հաստատված է

բնավորությունը։ Նա այստեղ ազատ է, չէ հավաքվել պաշտոնական խորհրդով, որ միտքը փոքր ի շատե լարված կամ նախապաշարված լինի, չէ սերտել խոսելիքը, ինչպես պաշտոնական ժողովների ժամանակ. բացի սորանից, նա անվավեր է համարում այն բոլոր խոսք ու զրույցք, որ լինում էին այսպիսի տեղերում, և այս պատճառով ևս ցույց է տալիս յուր հոգու միջինը ամենայն միամտությամբ, և խելացի կամ զննող մարդը, որ կամեր, շատ բան կարող է իմանալ այսպիսի ժողովներից: Իմ կոչումը և պաշտոնը այնպես է, որ ոչ ոք արժանի չէ համարում խոսել իմ հետ. աղախինքը կամ սպասավորքը զզվելով տալիս են ինձ մի բաժակ արաղ, կամ առաջևս դնում են կերակուրը. շատ անգամ տեսել եմ, որ բաժակը կամ ամանը, որ ևս գործ էի դրել, իսկույն կոտրում էին, որպես թե նա պղծվել էր։ Այսպես լինելով իմ դրությունը ժողովրդի մեջ, ինքս ոչինչ չխոսելով հարկադրվում եմ ականջ դնել ուրիշների խոսածին։ Մի անգամ մի տան մեջ հավաքված կային մոտ իբր իննսուն հոգի, կիրակամուտ էինք կատարում մի հանգուցելու։ Այդտեղ սկսվեցավ մի խոսակցություն հասարակաց և մասնավոր խնդիրների վերա, որ տևեց ամբողջ երեք ժամ։ Բայց չկարծեք, որ իննսուն հոգին ևս խոսում էր, թեպետ գործը իննսունին ևս վերաբերվում էր։ Այնտեղ երեսուն հոգու չափ հետին դասակարգից, այսինքն չունևորք, կային, որոնք ոչ լեզու ունին և ոչ բերան, ձուկի նման մունջ են։ Այս դասակարգը պարկեշտ է, և գիտելով յուր աղքատությունը, որովհետև խոսելու կամ բանի մեջ խառնվելու իրավունքը շատ կամ սակավ կարողության տեր մարդն ունի, ոչինչ չէ խոսում, թեպետ և խոսել ևս չգիտե, ինչպես նաև շատերը... և թե ի՛նչ բանի վերա խոսում էին, նույնպես չգիտե. նորա խելքը չէ հասանում այդպիսի բաների։ Նա ապրում է քաղաքի մեջ յուր չքավորությամբ և հույս ունի հարուստների վերա, որ կհոգան քաղաքի բոլոր պիտույքը։ Այսպես ահա, իննսունից երեսունը դուրս եկավ, մնաց վաթսուն։ Բայց այս վաթսունը ևս չէ խոսում։ Վաթսունի մեջ կան քառասուն և հինգ կամ հիսուն միջակ մարդիկ, որոնց ամոթ է հարուստի ներկայությամբ խոսել, կամ հրատարակել յուրյանը կարծիքը. պատճառ, միանգամ հավատացած են, թե կարծիք հայտնելու իրավունքը պատկանում է միայն պարոններին, այսինքն նոցա, որ շատ արծաթ ունին։ Միջին դասակարգի մարդիկը, եթե հավաքվին մի այնպիսի տեղ, ուր չկան հարուստ մարդիկ, այնտեղ խոսում են, քննում են և շատ անգամ ավելի առողջարար մտածում են, քան թե մի ութսուն տարեկան ջախջախած ծեր, որ միշտ կանչվում է ժողով, որովհետև հարուստ էր։ Այս կերպով մնացին մեջ տեղում տասն կամ տասն և հինգ հոգի հարուստքը, որ խոսում էին։ Բայց պիտի այս ևս ասել, որ այս մարդիկը ևս բաժանվում են զանազան