Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/162

Այս էջը հաստատված է

Կոմս էմմանուելի սիրտը, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ դուրս թռան նորա լցված աչքերից և թաղվեցան գետնի փոշու մեջ։ Այո՜,— ասաց նա, նայելով յուր արտասուքի ընթացքին,— թեպետև ասում են, որ արտասուքի թափվիլը թեթևություն է տալիս մի վշտահար սրտի, բայց դուք թաղվելով այս ոտնակոխ փոշու մեջ, տեղիք եք տալիս, որ ավելի տխրության ամպեր պատեն իմ սրտին։ Դուք ցույց եք տալիս ինձ, որ տարագիր ընկած ազգի կամ մասնավոր մարդու արտասուքի համար ևս չկա մի ազնիվ առարկա, որ ժողովեր այս ազնիվ հյո֊թը, որ միմիայն հոգու ներգործելուց դուրս է գալիս մարմնից։

Այո՜, երանի՜ այն անբախտին, այն թշվառին, որ մնաց յուր տեղում, գոնե նորա արտասուքը կթափվին հայրենիքի ավերակների կամ յուր անցած կյանքի հիշատակարանների վերա, որ սուրբ են և միշտ պիտի սուրբ մնան քնքուշ և հասկացող սրտի համար։ Բայց վա՜յ այն ազգին, այն ժողովրդին, որի արտասուքի համար օտար փոշուց ավելի չկա մի ուրիշ ազնիվ ընդունարան։

— Ի՜նչ այդպես գլուխներդ կախած գնում եք, պարոն,— ասաց մի ձայն։

Կոմս Էմմանուելը վեր բարձրացրեց գլուխը և ձեռքի թաշկինակով սրբեց աչքերը շտապով, բայց, ծածկել կամելով յուր արտասված լինելը, ձևացուց, որպես թե սրբում էր ճակատի փոշին կամ քրտինքը։ Երբեմն, արտասուքներ, որ հառաջանում են հոգու խիստ մոտիկ, խիստ սիրական, բայց օտարի համար գաղտնի պատճառից, չէ պիտո երևին ուրիշին, սա իրավունք չունի նկատել այդ նվիրական գաղտնիքի ազդեցության հետևանքը, այդ մի սուրբ բան է և պիտի ծածուկ մնա միշտ ուրիշից, որ մի գուցե օտարոտի խորհուրդների տեր լինելով, անարժանաբար տեսաներ մի այսպիսի մաքուր զեղումն սրտի։

Կոմսի հետ խոսողը էր մի տիրացու։

— Դո՞ւք եք,— ասաց Կոմսը փոխված ձայնով։ Նորա կիրքը նըստած չէր դեռևս, և արյունը ալեկոծվում էր սրտի և թոքերի մեջ։

— Այո՜, ե՜ս եմ,— պատասխանեց տիրացուն։— Երևի, օդի լավության պատճառով դուրս եք եկել ման գալու, շատ լավ եք արել։ Մի միայն երջանկություն, որ կա մեր քաղաքում, դա օդի մաքրությունն է, մանավանդ առավոտները և երեկոյան ժամանակ։

— Ստո՜ւյգ է, ես ևս նկատում եմ այդ,— պատասխանեց Կոմսը, բայց այնպիսի սառնությամբ, որ հայտնի ցույց էր տալիս, թե ծանրություն էր յուրյան խոսել այն րոպեին օդի վերա։

Արդարև, եթե մարդու կյանքը առնունք որպես մի թել, ապա ուրեմն, շատ խայտաբղետ և պիսակ մի թել է նա։ Այգ կարճ կամ երկայն շըղթայի