Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/19

Այս էջը հաստատված է

Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
Ուր երեք գույն կար որոշ։

Եղբայրն առավ և ողջունեց
Տուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր։

- Քույրի՛կ,— գանչեց քաջ պատանին,-
Մնաս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակ իտալյան։

Նա սուրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ.
Հայրենիքի նվիրված։

Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացար որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի։

Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով դնել հավերժ
Ազատություն իտալյան։

Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր։

Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն։