Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/203

Այս էջը հաստատված է

օգուտ քաղել ձեր հարստութենից, բայց, իմ աչքում ամենևին զանազանություն չունիք այն ռամիկներից, որոնց վերա գոռում է ձեր արծաթը. արծաթն եմ ասում և ոչ դուք, որովհետև արծաթն է տալիս ձեզ այդպիսի տմարդի իրավունք, և առանց այդ արծաթին, պիտո է մինը լինեիք այն ռամիկներից, եթե ոչ ավելի վատթար. ըստ որում շատ ռամիկների սիրտ և հոգի այնքան ապականված չէ, ինչպես ձերը։

Կարծեմ թե ապացուցել էի ձեզ և ձեր ընկերակիցներին, թե տեղիք չունիմ ծակամուտ ճանապարհներով գործ կատարել, և իմ ասածը կամ գրածը ունիմ զորություն իմ ստորագրությամբ կնքելու, որին եթե վերստին մի նոր ապացուցի տեղ չկարողանա ծառայել այս նամակս, մի օր, երբ թեթևացած կլինիմ գործերից, ցույց կտամ ձեզ ձեր անձը Հիշատակարանիս հայելու մեջ։

Ուրիշ կերպ չեմ կարող վերջացնել նամակս, եթե ոչ այս խոսքերով, թե դուք վշտացնելով իմ պատիվը, պարտական եք զղջալ և քավություն որոնել, այլապես ուրիշ տեսակ հաշիվ կունենաք իմ հետ և կզղջաք ձեր համառության վերա։

Ողջ եղիք, ձեր անձը և բարքը փոխելու, այլև փոքր ինչ խելք ուսանելու համար, իսկ ես մնում եմ միշտ պատրաստ, որքան կարող եմ ձեզ օգտակար լինել»։

Ձեր իրավասությունը մերժող ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ

— Առ քեզ խայտառակություն,— բացականչեց պարոնը, ձեռքը միմյանց զարկելով,– Не было печали, черти накачали, որը ասում է ռուսը, շատ հարմար է այս հանգամանքներին, որոնց մեջ ընկա... Ստույգ է, որ ես, ասել եմ քաջափայլ պարոնին, թե Կոմսն էր այն անստորագիր նամակի հեղինակը. բայց այդ իմ սեփական կարծիքը չէր. ինձ այդպես հավատացուցել էին Մահտեսի Քուշարը և նորա երախտապարտ սանը։ Բայց արի տե՛ս, որ ներկայումս, Մահտեսին բոլորովին ազատ է Կոմսի հարձակմունքից, որ ուղղվում է միայն իմ ընդդեմ։ Ինչպես առնել, որ մի կերպ վերջացնեինք այս բանը... ինչ հիմար մտածությունք. Կոմսը ո՛վ է, որ Հովնաթանյանցը երկյուղ կրե նորանից. ի՛նչ պիտո է առնէ, որի՞ն է վախեցնում։ Ես այսուհետև ավելի զայրացած կխոսիմ նորա վերա, և պատահած տեղը կաշխատեմ իսպառ խայտառակել նորա և՛ անունը, և՛ անձը։ Լավ, ապա եթե այդ նզովյալը վեր կենա, և ինձ ևս ինչպես Բեգզադեին[1] մատնի փաթեթ շինե և աշխարհին խայտառակե։

  1. Բեկզադեն. կերտված է նաև «Հիշատակարանում»։ Նա գիշատիչ բուրժուայի տիպ է․ Ղեկավարվելով «մարդը մարդուն գայլ» ցինիկ նշանաբանով, կատարում է խարդախություններ, խաբեբայություններ, ստորություններ և այլն։