Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/208

Այս էջը հաստատված է

ծածկել մեր վերքերը, որոնք այսքան տարիներ թաքուն մնալով բժիշկներից, կարոտ են այժմ մեծամեծ վիրաբուժական հնարների, Այնպես է, մեր քարոզած ճշմարտությունը գուցե թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնար է փտած և ճարակած խոցը առողջ մասներից բաժանելու և հեռացնելու համար։ Ես ճշմարտություն քարոզելով, ասում ես դու, թե հայտնում էի ազգի պակասոթյունքը. եթե այդպես ևս լինի, մի ուրիշ խորհրդով չէ դա, թեոչ, որ ազգի սրտացավ անդամքը փոքր առ փոքր հասկանալով բանի զորությունը, բժշկության հնար որոնելու ընկնեին. ես, ոչ թե մի սևահոգի մարդու պես, այն խորհրդով եմ մերկացնում այդ պակասությունքը, որ ծիծաղեմ դոցա վերա, կամ պախարակելով անցանեմ հարևանցի նոցա մոտով. ոչ, այդ պակասությունքը ծակում են իմ սիրտը, և շատ արտասուքի պատճառ են դառնում։ Ես դիտավորություն չունիմ մի մարդ կամ մի ազգ անարգելու. քա՞վ լիցի. բայց ինչ որ խոսում եմ, խոսում եմ որպես պաշտոնյա ճշմարտության, ճշմարտությունը ավելի մեծ հարգ ունի իմ աչքումը, քան թե աշխարհի բոլոր թանկագին գոհարները և հարստությունքը:

Այս խոսքերի վերա պ. Խ. մի փոքր հանդարտեց և բոլորովին այլ ընթացք տալով խոսքին, շարունակեց.

— Մի՛ բարկանար, լավ է. մի՛ բարկանար, մեք շատ խոր մտանք, իմ խոսքը Մանդինյանց տեր Ստեփանոսի վերա էր, որ յուր ուսումնական, Մեղու անունով թերթի 16 համարում խայտառակել էր Նազարյանցին և Նալբանդյանցին,— դու ի՞նչ ես ասում այս մասին։

— Ի՞նչպես է խայտառակել, և այդ քահանան ինչ մի զորեղ մարդ է, որ այդպես ջարդել ու փշրել է Նազարյանցին և Նալբանդյանցին։ Հավատա ինձ, եթե սոքա արժան համարեին դյուխ դնել, այն ժամանակ Մեղուի և նորա հրատարակողի շնչառությանը շատ կծանրանար, մինչև այն աստիճան, որ հարկավոր կլինի սպանիական ճանճի գործադրությունը Մեղուի կարծիքի վերա, որ դուրս քաշվելով ապականյալ հյութերը ճանապարհ տային շնչելու.

Մեղուի հրատարակողը խայտառակել է Նազարյանցին նորանով, որ սորա վարդապետությունը անվավեր է համարում և նորա կարծիքները սխալական, որոնց գլխավորը հայոց լեզվի մասին. Նազարյանցը ասել է, թե հայոց լեզուն հառաջանում է սանսկրիտյան լեզվի մի ճյուղից, մինչդեռ Չամչյանը, Ավադյանը և Ինճիճյանը ապացուցանում են հայոց լեզվի առաջնությունը և Ադամի լեզու լինելը։ Նալբանդյանցին խայտառակել է նորա համար, որ սա հայոց մի քանի երևելի ուսումնականներին