Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/217

Այս էջը հաստատված է

Ազգը էապես անարգոզքը չեն նոքա, որոնցից գանգատ ունիք, որովհետև մերկացնում էին ծածուկ պահած ազգի վերքերը, վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, այլ այն սուտ ազգասերքը, որ խեղճ ողորմելի Մեղուին լծել են մի սայլի և ինքյանք լցվելով մեջը հարկագրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին. այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարդու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն։ Հայերի միջից շատ մարդիկ անպատճառ կամենում են, որ թագավորե սուտը և թաքնությունը. բայց ամենայն բանիմաց և ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա պատժել և պատուհասել բերանով և գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչև որ ազգը տեսանելով յուր վերայի կեղտը զզվի, գարշի և խնամ տանե լվանալու և մաքրելու յուր անձը, որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքին։ Եթե մեք, որպես անդամ ազգի ճանաչում ենք մեր արժանավորությունը, պիտո է ուրեմն խոստովանենք մեր ունեցած պակասությունքը, որովհետև նա՛ միայն ուղղակի և կտրական կերպով կարող է խոսել յուր պակասութենների վերա, որ գիտակցաբար ճանաչում էր յուր արժանավորությունը։ Առանց որևիցե փոքրոգի կասկածավորության պիտո է հանդես հանել ազգի առաջև նորա խավար կողմերը, ապացուցանելու համար, թե լավության ուժը չէր կարող հաղթահարվիլ չարութենից, այլ դորա հակառակ պիտո է հաղթեր նորան և կանգնեցներ առաքինության դրոշակը ջարդ ու փշուր եղած չարագործության ամրոցի վերա։ Պարոն Իսահակյանց, խնդրում ենք անհանգիստ չլինել, թե Հայաստանի փլատակների տակից լսելու էիք մի իրավացի անմռունչ գանգատանք, թե «ի՞նչ օգուտ, որ ունիմ բյուրավոր գիտնական որդիք և այլն»։ Հայաստանը գիտե յուր ընթացքը, ուստի և չունի ոչինչ ժամանակ գանգատելու իրավունք, դեռ Հայաստանը չունի գիտնական որդիք, որ յուր կաթով չիներ մեծացուցած. թող այդ գաղափարական Հայաստանը հառաջուց մի ծննդարան պատրաստե գիտնական որդիք ծնուցանելու համար, թող կաթ պատրաստե նորանց սնուցանելու համար, թող հաց պատրաստե նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թե իրավունք կստանա ասել, թե «գիտնական որդիք ունիմ»։ Հայաստանի որդոց գիտությունը, եթե կան այդպիսի մարդիկ ուր և իցե, այդ հայոց ազգի շնորհքը չէ. մեզանից յուրաքանչյուր ոք, գերմանական, ֆրանսիական և ռուսիական համալսարաններումը գերվելով