Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/218

Այս էջը հաստատված է

օտարության մեջ, հազարավոր նեղութենների համբերելով, օրը խավարեցնելով, ստացել է մարդկության ընդհանուր լուսից յուր բաժին մի քանի ճառագայթ. եթե գանգատ ունի Հայաստանը, թո՛ղ բարձրացնե յուր մեծատունների և հոգևոր իշխանների անփույթության վերա, և դուք, պ. Իսահակյանց, տվեցեք այդ խորհուրդը Հայաստանին, մեք ևս կառնեինք այդ գործը և չէինք ծանրաբեռնելու ձեզ, եթե մոտ լինեինք Մասյաց դարևանդին և եթե նորա Մուզան խոսակից լիներ մեր հետ։ Եվ ձեր հետ խոսելու վերա ևս կասկած ունինք, մի՛ գուցե Թիֆլիզի վարձավոր լալականների ձայնը համարած լինիք ձեր վառ երևակայությամբ Մուզայի ձայն Մասյաց դարևանդից. պատճառ, մուզայք չեն բնակվում Արարատի վերա, այդ քնքուշ արարածքը յուրյանց անզգուշությամբ վտանգի մեջ կարող էին ձգել յուրյանց անձը սաստիկ մրսելով և ջլային տենդ (febris nervosa) ստանալով, որ շատ անգամ պատճառում են Արարատի և Արագածի մեջ խաղացած սառն հողմերը։ Մեք մուզաների բնակարան ճանաչում ենք Պարնասը, այլև գիտենք մեր ազգային ավանդությունը, որ Մասյաց ոտքումը կա մի փոս, դժոխք անվանված, ուր շատ անգամ ընկնում են մարդիկ...[1]

Պարոն, դուք մեղադրելով ուրիշների դաստիարակելու կերպը, ցույց եք տալիս ձեր վերին աստիճանի թուլությունը պեդագոգիայի մեջ. դուք ասում եք, մանկությունը պիտո է դաստիարակել գգվելով, փաղաքշելով, փափկացնելով և այլն. չգիտեք, որ իսկապես այդ բաները այնպիսի թունավոր տարերք են, որ մտանելով դաստիարակության մեջ կտրում են նորա ընթացքը. և մի մարդ ձեր կերպով դաստիարակություն ստանալով կդառնա շատ անբարոյական մարդ։ Խնդրում ենք, որ դուք մի փոքր աշխատություն հանձն առնուիք ծանոթանալ պեդագոգիայի կանոնների հետ, և առհասարակ վատ չէր լինելու, եթե մի բարեկարգ դպրոցում ստանայիք մի հիմնավոր կրթություն, որովհետև Ներսիսյան դպրոցի շնորհքով շատ հեռի չեք կարող գնալ։ Բայց այս մի խորհուրդ է իստակ սրտից, ինչպես կամիք։

«Ահավասիկ պարոններ», հանդես եք գալիս, պարոն Իսահակյանց, «եթե մեք ազգասեր ենք, եթե հայրենասիրությունը պարծանք ենք համարում, այսպես առնենք կամ այնպես առնենք». ինչ կամիք արեցեք սիրելիս, և մեք հոգով չափ ուրախ կլինինք ձեր հառաջադիմության վերա, եթե հաջողի ձեզ ստանալ. բայց լսելով ձեզ, դիմել մեր բոլորովին մարմին դարձած մեծատունների ոտքը, ազգի անունով բան խնդրելու

  1. Նկատի ունի Խորենացու «Հայոց պատմության» մեջ պատմած առասպելը Արտավազդի մահվան մասին։