Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/229

Այս էջը հաստատված է

հետո պիտո է կերակրե յուր զավակը այդ վերին հոգևոր կերակուրներով. դորանից հետո դպրոցական և համալսարանական կրթությունը կարո՛ղ է հառաջացնել մի այդպիսի տղայի մեջ ցանկալի հետևանքը։

Այս աչքով նայելով այս ծանրակշիռ և մեծախորհուրդ բանի վերա, ո՛րքան ծանր դատապարտության արժանի էին այն ծնողքը, որ յուրյանց ձեռքումը նյութական հնար ունենալով անտես էին առնում յուրյանց զավակների դաստիարակությունը, և կերակրելով, և զգեստավորելով, և վերջապես ամուսնացուցանելով նորանց, համարում էին, թե լիովին ահա կատարած էին յուրյանց ծնողական պարտականությունը։ Այս պարտականությունը մի սուրբ և մեծ պարտականություն է, որ այլապես պիտո էր կատարել. իսկ այնպես կատարել ինչպես հիշեցինք, այդ ծնողական բարբարոսություն ճանաչվում է մեզանում։

Ծնողի գլխավոր խորհուրդը և նպատակը չէ պիտո այն լինի, որ աշխատի, յուր մահից հետո, հետ ձգել յուր ժառանգներին շատ արծաթ, մեծ հարստություն, փայլուն կոչումն և այլն և այլն. դոքա չեն մարդկային առաքինության տարերքը, դոքա խանգարիչք են առաքինության. եթե մի մարդ, ունենալով այդ բոլորը, զուրկ էր ստույգ դաստիարակութենից և կրթութենիը, ծնողի գլխավոր ջանքը և փույթը պիտո է լինի հառաջ հառաջ հոգաբարձու լինել յուր զավակների դաստիարակության մասին, որովհետև այդ դաստիարակության մեջ պարունակվում են նորա զավակի ապագա առաքինության, երջանկության, վատթարության թըշվառության սերմերը։

Նույնպես ստույգ դաստիարակություն և լուսավորություն տալ չէ, եթե մի ծնող դնում է յուր որդին մի օտար ազգի դպրոցի մեջ. նա այն օտար շրջակայքի մեջ կփոխե յուր բուն հատկությունքը, ինչպես բուսականը կամ կենդանին տեղափոխված յուրյանց սեփական շրջակայքից, որի մասին մի քանի տող հառաջ գրեցի Հիշատակարանիս մեջ։ Ստույգ և աստվածադիր դաստիարակությունը այն է, որ ամենայն ծնող կրթե յուր որդին ազգային սեփական դպրոցի մեջ. ամենայն բույս պիտո է աճե յուր հողի վերա, ամենայն կենդանի պիտո է ապրի յուր աշխարհում։ Այդ օտար դպրոցներ ուղարկված զավակներից, շատ փոքր պատահում է, որ նմանեին մեղուի, թույնը թողած և միմիայն մեղրը և մոմը քաղելով հետ դառնային յուրյանց տեղը. այս մի շատ քնքուշ խնդիր է՝ անտես մնացած մեր ազգից մինչև այսօր։

Ի՞նչ է մարդկային կյանքի խորհուրդը, մի՞թե լավ ուտել, լավ խմել, լավ հագնել, փառավոր ապրել, հարստություն ճարել, փառք ու պատիվ ստանալ. մի՞թե մարդը չունի մի բարոյական խորհուրդ յուր կյանքում, մի՞թե այդ բանի համար է ստեղծել մեզ աստված, մի՞թե Քրիստոս