Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/234

Այս էջը հաստատված է

երկնակամարի օդը, այլև իմ ողորմելի պատուհաններիս ապակիքը, որ ներկել էր ժամանակը ծիրանի գոտու գույներով: Ահագին փայլակները մութ ու թանձր ամպերի մեջ փայլատակելու ժամանակ, թվում էր թե պատառվում է երկինքը. իսկ փայլակների լույսը ներկում էին ամենայն բան երբեմն մորագույն և երբեմն ծծմբագույն։ Անձրևի կատաղությունը, որոտմունքի թնդյունը, փայլակի լույսը, մրրկի սուլելը և ծառերի հպատակորեն խոնարհելը նորա բռնության տակ, բյուր տեսակ սոսափյունք պատճառելով յուրյանց տերևներով ու ճյուղերով, այս բոլորը միացած, կազմում էին մի ահարկու և տխուր ներդաշնակություն, և հառաջացնում էին մարդու մեջ մի այնպիսի անախորժ զգացողություն, որ ասեիր թե ահա ամենայն ինչ վերջացած էր նորա և աշխարհի մեջ, թե մի սատակիչ շանթ կարող էր իսկույն չքացնել նորան, և այնուհետև զուր էր ծագելու գեղեցիկ և խաղաղ առավոտը նորա լուռ ու մունջ գերեզմանի վերա։

Այս անախորժ վիճակի մեջ անցուցել էի ահա երեք օր և երեք կիսով չափ անքուն գիշերներ, և այդ միջոցին, երբ սկսում եմ իմ պատմությունը, դտանվում էի պատուհանիս մոտ մի տաղտկալի միայնության մեջ, որ շարունակվում էր երրորդ օրից սկսած։ Հանկարծ ի՛նչ տեսանեմ. մի մարդ, փաթաթված յուր վերարկուի մեջ, այս սաստիկ անձրևի տակով վազում է դեպի իմ տան կողմը։ Ես ամենևին չկարծեցի, թե իմ մոտ է գալիս, որովհետև ոչ ոքի չէի սպասում. և իմ ծանոթքը այնքան խելք ունեին, որ այսպիսի եղանակում ոտք դուրս չէին դնելու շեմքից։ Մտածեցի, թե այդ մարդը գալիս է իմ դրացու տուն, կամ գուցե ի՛նքը դրացիս է, որ վերադառնում է դեպի տուն, մի շատ հարկավոր ընտանեկան գործի համար դուրս գնացած լինելով։ Օրի մռայլոտ մթությունը, այդ մարդու թրջված հալավները, որոնց վերայից ամենայն գույն կորել էր, անհնարին էին կացուցանում ստոլգապես ճանաչել այդ մարդը։ Վերջապես լսում եմ, դուռիս զանգակը զարկեցին... Ծառաս գնաց դեպի դուռը և մի քանի վայրկյան ուշացավ։ Լսում եմ մի խոսակցության անորոշ ձայն, բայց բան չեմ հասկանում. վերջապես ներս մտավ ծառաս և հայտնեց, թե մի մարդ կամենում էր տեսանել ինձ, հավելացնելով, թե որովհետև առաջին անգամ տեսանում էր այդ մարդը, վասնորո և չէր կարողացել ճանաչել նորան։ Իսկույն հասկացա, որ հյուրը մի քաղաքավարի մարդ պիտո է լինի, որովհետև առանց յուր անունը և ո՛վ լինելը ծառայիս հայտնելու, հրամայել էր նորան հայտնել ինձ յուր ցանկությունը։ Ինչ և իցե, հրամայեցի ծառալիս ընդունել նորան. նախասենյակի և առանձնարանիս դուռերը բացվեցան և փակվեցան և ներս մտավ պ. Բեգզադեն թրջված միանգամայն մինչև ոսկորը։ Ջուրը