Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/238

Այս էջը հաստատված է

խելապատակիգ մեջ հավի խելք չկա. ի՛նչ հիմար բաներ ես ասում, էֆիմերդես ո՞րն է...

— Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում. մինչև այժմ խելոքները, գիտնականները, կարդացողները, քահանա ասես, վարդապետ ասես, եպիսկոպոս ասես հավատացել են և գործ են ածել էֆիմերդեն, սա չէ հավատում և չէ ընդունում. տե՛ր աստված. հետո ասում ենք, թե աստված բարկանում է մեր վերա. ինչպե՛ս չբարկանա, երբ աշխարհը տակ ու վերև են բերում այսպիսի թերահավատ մարդիկ: Դուք բոլորովին դարձել եք լոթեռ[1] ասեմ, ֆարմասոն ասեմ[2], չիք հարություն դավանող ասեմ, աստված ազատե:

– Մեզ օրինակ չեն քո հիշած մարդիկը, որ էֆիմերդեն բան ու գործ էին շինել յուրյանց համար։ Աստված մեզ խելք ու բանականություն է տվել, մեք քո հետ ոչ երեխա ենք և ո՛չ խելացնոր պառավ, որ ամոթ չլիներ հավատալ այդպիսի բաների։ Եվ եթե աստված բարկանում է, դորա պատճառը մեք չենք, էֆիմերդե չնդունողներս, այլ նոքա, որ ընդունում են, ինքյանք յուրյանց տգիտությամբ մոլորվում են, հետո պատճառ են դառնում և ուրիշների մոլորությանը։ Էֆիմերդե ասած բանը սուրբ գի՞րք է, ի՞նչ է, որ եթե մի մարդ չհավատար դորան, աստված պիտո է բարկանար մի այդպիսի մարդու վերա. ձեր փույթը չէ ամենևին, եթե մի մարդ չէր պահում աստուծո պատվերները, որ Ավետարանի մեջ քարոզվում են Քրիստոսի բերանով, և չկամիք մտածել, թե այդ բանի համար իսկապես կարող էր աստված բարկանալ, որովհետև դուք ձեր հիմար ավանդութենների համար անտես էիք առնում աստուծո բանը։ Ձեզանից շատերի տանը գտանվում է էֆիմերդե, բայց Սուրբ գիրք շատ սակավ. աչքերդ ձգեցեք, չասեմ այլ քրիստոնյաների, այլ անքրիստոնյա ազգերի վերա, մի մարդ կգտանե՞ս հրեաներից, որ չունենա յուր տանը Հին Կտակարանը, կամ մի մոհամմեդական, որ չունենա Կուրանը. ինչո՞ւ համար. նորա համար, որ նոցա կրոնի աղբյուրքը գտանվում են այդ գրքերի մեջ, իսկ մեր պ. Բեգզադեները էֆիմերդե են որոնում։ Դու ասում ես, թե մեք թերահավատ էինք. ողորմելի մարդ, ի՞նչ է մեր թերահավատությունը, արդյոք ա՞յն, որ ճիշդ ընդունելով Սուրբ գիրքը չէինք ընդունում էֆիմերդեն, կամ ուրիշ այդպիսի հիմարաբանությունը, և ա՞յդ էր պատճառը, որ ձեր պես խելոքների բերանով անվանվում էինք լոթեռ ու ֆարմասոն, գիտե՞ս դու, թե ի՛նչ ասել է լոթեռ կամ ֆարմասոն...

  1. Լոթեռ — ճիշտը՝ լութերական։
  2. Ֆարմասոն - ճիշտը՝ ֆրանկմասոն, մասոնականության հետևող.