Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/239

Այս էջը հաստատված է

— Կարծում ես թե երեխայի հե՞տ ես խոսում, որ հարցանում ես, թե ի՛նչ ասել է լոթեռ կամ ֆարմասոն...

— Ուրեմն գիտե՛ս»։

— Անտարակո՛ւյս։

— Ապա ասա՛, ի՞նչ ասել է։

— Անհավատ, հերետիկոս, հերձվածող, անաստված, դժոխքի բաժին, չիք հարություն դավանող, մուտ և տես...

— Հերիք է, հերիք է. ցույց տվեցիր խելքիդ տակը, հասկացա և ժամանակ չունիմ քո հետ գլուխ դնելու, գլուխս ցավում է։ Դու խնդրում ես, որ ես էֆիմերդե բանամ քո համար և այդ պատճառով ևս եկած ես իմ մոտ, այնպես չէ՞

— Ամենևին այդպես։

— Ես էֆիմերդե չունիմ, ուրեմն և չեմ կարող կատարել քո փափագը, երկու խոսք պակաս խոսելու համար, վատ չէր լինելու, եթե թողուիր ինձ միայն։

— Ի՛նչ է ասում այս մարդը. է՜յ բարկացար, ի՛նչ է, մեր տղա. և եթե բարկացար, ո՛վ է վախենում քեզանից, ես դեռ երազս պիտի պատմեմ քեզ... Ինձ Բեգզադե են ասում... Լավ նայիր հա՛ ...

— Գլխիդ դիպչի քո բեգզադեությունը. ի սեր աստուծո ձեռք վեր առ ինձանից. ականջներս ցավում են, չեմ կարող լսել...

— Եթե միայն լսելով քո ականջն է ցավում, ի՞նչ առնե ապա այն մարդը, որի փորի մեջ մտել է...

— Խելքդ գլխի՞դ է, թե ոչ. ի՛նչ մարդ, ի՛նչ փոր։

— Իհարկե չգիտես, բայց դու հարցուր մի ինձանից. աստված հեռի արասցե. խեղճ մարդը կարո՞ղ է միթե մարսել. ընկել է վերին աստիճանի կատաղության մեջ։ Հետո ասում են թե մարդ կատաղում է, ակամա կկատաղիս, եթե այդպիսի կրակ ունենաս փորիդ մեջ։

— Ես չեմ հասկանում քեզ. կարծեմ դու խելքդ թռցրել ես։ Եվ հիրավի մեծ երկյուղի մեջ էի, թե մի՛ գուցե պ. Բեգզադեն խելագարված լինի. մի այնպիսի ջերմությամբ խոսում էր նա իմ հետ, որպես թե ես էի այն մարդու փորը կրակ ձգողը։

— Լսի՛ր,— աղաղակեց պ. Բեգզադեն, աջ ձեռքը դեպի հառաջ պարզելով օդի մեջ,– այսօր քնած էի ճաշից հետո, բայց երկյուղ կրելով որ մի՛ գուցե անձրևային եղանակի խոնավութենից ոսկրացավս նորոգվի, կրկնապատկեցի արաղով շինած դեքոքտիս չափը հառաջ քան թե քնել էի, և ահա քունս տարավ։ Տեսանում եմ երազիս մեջ, որ աշխարհի ժամանակը հետ է գնացել քանի հազար տարիներով. թվում է ինձ, թե գտանվում եմ Հունաստանի մեջ.. Մի սարի վերա... Հետո ինքս