Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/254

Այս էջը հաստատված է

առաջևի մարդու առավել, քան թե ինքը հիմար լինելուց, մեռուցանում է խղճմտանքը և համարձակվում է ցեխոտ կոշիկներով ոտք կոխել բժշկականության սրբազան սահմանի, վերա, մի այդպիսի մարդ տալիս է հիվանդին այնպիսի դեղեր և այնպիսի չափերով, որ առողջ մարդը ևս մեծապես վտանգվելու էր, թող թե հիվանդը:

Եվ այդ քաղաքի մեջ, տեղից վեր կացող մարդը բժիշկ է. դոցանից ոմանք թուղթ նայող են (գիր բացող ченокнижник), ոմանք կարդալով բժշկող, ոմանք թեթև թափելով բժշկող, ոմանք դեքոքտ խմեցնող, և ոմանք, որ մի բավական պաշտոնական բան է յուրյանց կարծիքով — վարսավիրայք, տեղի անտեղի արյուն թողնելով և տզրուկներ դնելով։ Այդ քաղաքում երկար ժամանակ բժշկագործող բժշկականության վարդապետ Եդոր Իվանովիչ Տկաչև, մեր գիտնական բարեկամը, պատմած է,թե ամենայն մայիս ամսում Վարսավիրա Հովհաննեսի խանութի քամակում գտանված ահագին փոսը լցվում է մարդու արյունով. այդպիսի փոսեր շատ կան, որ նույնպես դատարկ չէին մնում մարդկային արյունից։ ճշմարիտ. մայիսը որ եկավ, արդեն մի հարկավորություն է ճանաչվում արյուն թողուլ։ Հիվանդը թողնում է առողջանալու հուսով, իսկ առողջը գործ է դնում այդ, որպես առողջապահական հնար։ Եվ մի մարդ առողջ թե հիվանդ, որ գնացել էր վարսավիրայի մոտ խորհուրդ հարցանելու, սորա նախկին առաջարկությունն է արյուն թողուլ, որովհետև այդ դիպվածում ստանալու էր քսան կամ քսանևհինգ կոպեկ արծաթ։Վարսավիրա ասած մարդը մի տգետ ռամիկ է, անուս և անկիրթ, նա ոչինչ չգիտե, բայց հասարակ ժողովրդի աչքում լինում են վարսավիրայք, ո՜րտեղ է մնում բժիշկը, շատ մեծ հարգ ու արժանավորություն ունին։ Վարսավիրայի փույթը չէ, թող հիվանդը բարակացավ ունենա,թող միջողական տենդ ունենա, նա կզարկե նշտրակը և այն ժամանակ միայն յուղոտ բամբակը կդնե վիրաբերանի վեր ա, երբ պղնձի թասի մեջ հավաքվել էր մի երկու ֆունտ արյուն, երբ արյունի գույնը սկսել էր սպիտակիլ. նորա հոգը չէ, նա ամենևին տգետ է, որ արյունը առանց դորան ևս ջրացած լինելով, հասարակ տենդը փոխելու էր դեպի ջրային ։ Ո՜վ կարող է երաշխավոր լինել, որ մի փոքր սոլեմա ևս տալու չէր առավել շուտով բժշկելու համար...

Ասիացիք առհասարակ սովորություն ունին յուրյանց հոգաբարձության վերաբերյալ բաները երկար տարիների մեջ ամենայն դանդաղությամբ գլուխ բերել, իսկ այլ մարդերից պահանջել, որ ամենայն բան կատարվեր իսկույն, որպես մի կախարդական գավազանի զարկվածով։ Եվ սաստիկ սրտնեղում են, եթե մի այդպիսի մարդ մի փոքր ուշացնում էր յուր կատարելի գործը, այսինքն ո՜չ թե իրողապես ուշացնում էր,