Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/295

Այս էջը հաստատված է

թափելով յուր մարդահաճության թմրեցուցիչ թույնը, մտածում է երես գտանել, անուն ժառանգել. այնտեղ, գողը և ավազակը սորան նորան ճաշերով և ընթրիքներով յուր մոտ քարշելով կազմում է մի ընկերություն յուր հետ, որպեսզի դուրս չմնա մարդկային ընկերութենից, որպեսզի այդ միայնությունը չդաոնա նորան հանցանքի ցուցակ ամեն մի աչք ունեցող մարդու համար։ Այլ տեղ, մարդիկ, վաղուց ահա հոգիքը գրավ դրած սատանայի մոտ, մեռանելու ժամանակին յուրյանց անունը կտակում են աստղերին. զո՜ւր աշխատանք։ Մյուս տեղ, խելակորույս և խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտութենից, այնպիսի կամակոր և անձնաբռնադատ զորությամբ, որպես կփախչեր մի ավազակ յուր մութն ու խոնավ բանտից. այլ տեղ, լուսավորության և մարդկային ազատ մտածության թշնամիք, դարբնի գործարանք են բացում անտանելի ծանր շղթաներ պատրաստելու և, եթե կարելի է, բոլորովին խեղդելու մարդկային բանականության օրինավոր ազատ հոսանքը։ Տեղ տեղ, բայց շատ փոքր, երևում են այլ մարդիկ, որ հոգիացած աստուծո շնչով և արձակած յուրյանց ձյունի պես սպիտակ թևերը, թռչում են դեպի անմահության տաճարը... Թռչում են վերևից, բարձրից, ոտքի տակ տեսանելով այն բոլորը, որոնք յուրյանց նյութական ծանրության պատճառով, արդեն Նյուտոնի օրենքով կապված էին երկրագնդի կենտրոնի հետ...

Այսպիսի բաներ պատահում են տարու սկզբից մինչև նորա վերջը։ Շատ անգամ լսվում են օդի մեջ հարստահարված մարդերի ողրերը և հառաչանքը, նույն միջոցին և օդը հնչեցնում է հարստահարող բռնակալների ուրախական բացականչաթյունքը։ Հավիտենակա՜ն ամոթի ժառանգ նոքա, որ ճնշում են անզորի աչքերից մի քանի արտասուքի կաթիլներ։

Ասես թե այս նոր տարում ես առավել ուրախ եմ, քան թե անցած նոր տարիներում․ պատճառ, նախընթաց տարին անխորհուրդ անցած չլինելով մեր սիրական ազգի համար, նորը բարի բարի հույսեր խոստանում է մեզ։ Անցյալ տարում դուրս ցայտեց առաջին անգամ հայերի համար Հյուսիսային փայլողությունը յուր պայծառ ճառագայթքը, անցյալ տարում լայնարձակ ասպարեզ ստացավ ժողովրդական կենդանի խոսքը, որ է ազգի բարոյական կյանքը և հոգին։ Անցյալ տարում երևեցավ մեր ազգի մեջ մի բանականության դատաստան․ փա՜ռք և պարծանք նորա պաշտոնյաներին․ այդ տարում խլրտվեցան մի քանի մտքեր, որոնք մեծ հույսեր տալիս են հայերի հառաջադիմության մասին։ Այն թանձր և խավարատեսիլ ամպերը, որ դարերով ահա հավաքվելով և լեռնանալով պատել էին հայկական բարոյականության հորիզոնը