Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/310

Այս էջը հաստատված է

աչքերը կապանք տեսանե. հետո ասաց ինձ, որ հետևեմ յուրյան:

Նա տարավ ինձ Շամիլի բնակությունը։

Ի՛նչ ավելորդ գլխացավ պատճառեմ նկարագրելով նորա քաղաքը կամ տունը, այլ բանի զորությունը միայն հասկացնելու համար կարճ ասեմ, որ ներս մտա մի բավական ընդարձակ սենյակ, մաքուր և զարդարած պարսից գորգերով և այլ ասիական կարասիքներով։

Սենեկի հյուսիսային պատի մոտ մի գեղեցիկ սոֆայի վերա նստած էր Շամիլը. նորա երկու կողմում նստած էին նույնպես երկու ծերունի նայիբներ։ Պատանին, որ առաջնորդեց ինձ, ցույց տվեց աչքով երկու ծերունու մեջ տեղը նստած մարդու վերա, առանց ձայնի հասկացնելով, թե նա է ահա Շամիլը։

Ես ողջունեցի խոնարհաբար և կանգնեցա նորա առաջև. երկու ծերունիքը ոտքից մինչև գլուխս չափեցին յուրյանց աչքերով։

— Ով ես դու,— հարց արեց Շամիլը բավական քաղաքավարությամբ։

— Հայ եմ,— պատասխանեցի ես։

— Ինչո՞ւ համար ներկայացած ես ինձ։

— Ես չգիտեմ պատճառը. ձեր մարդիկը բռնեցին ինձ ճանապարհի վերա և բերեցին այստեղ։

— Ո՞ր տեղից, ո՞ւր էիր գնում։

— Գալիս էի Ռուսիայից, Րեդուտկալեից, դեպի ձեր իշխանության սահմանը: Գուցե ձեզ հայտնի չլինի, բայց վկա է աստված խոսքիս ճշմարտությանը, որ ձեր Խալիլ նայիբը երկար ժամանակ յուր պարտքը չվճարելով, այլև ամենայն կամակորությամբ իմ հետ օրինավոր և հիմնավոր հաշիվ աեսանելուց փախչելով, պատճառ է եղել այս իմ վատաբախտությանս։

— Վատաբախտությա՞ն. մի՞թե քո ներկայանալը ինձ, մեծ մարգարեի փոխանորդիս, վատաբախտությո՞ւն է. և դու, այս րոպեիս գտանվելով իմ ձեռքում, հանդգնո՞ւմ ես այդ խոսքը ասել։

— Խնդրում եմ չբարկանալ իմ վերա, եթե ես չկամեցա կեղծավորվիլ ձեր առաջև. մեր կրոնը սաստիկ արգելում է այդ մեղքը։ Ես միշտ վատաբախտություն կհամարեմ ինձ, եթե ո՛րևիցե գնով խլված էր իմ ազատությունը։ Մեր կրոնի արդյունքը — ազատությունն է. և մեք պարծանքով նայելով այդ բանի վերա, չենք կարող ո՛չ մի բանի հետ փոխանակել նորան։ Եթե թույլ կտաք մի փոքր համարձակախոսել, ես տեսանում եմ, որ ազատությունը զրկված է յուր սեփական քաղաքացու իրավունքից ձեր սահմաններում... Անտարակույս, դեռևս վաղ էր պահանջել... Բայց դուք, որ համարվում եք ձեր ազգի մեջ, ձեր Մարգարեի