Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/311

Այս էջը հաստատված է

փոխանորդ, աստուծո առաջև պարտական եք ընթացք տալ օրինապատշաճ ազատության։

— Մեղա, մեղա,— ձայն տվեցին նայիրները քթերի տակից։

Ես կարծեցի, թե ահա լարեցի Արամազդի շանթը դեպուղիղ գլխիս վերա։

— Հը՛մ....— արեց Շամիլը,— ձեր կրոնը կորստական լինելով, պիտո է անտարակույս և թյուր վարդապետության սկզբունք տնկեր ձեր մեջ։ Ազատությունը ստեղծել է աստված միմիայն հզոր մարդերի համար. մյուս անզոր մարդիկ զրկված են նորանից։ Եվ այդ է պատճառը, որ միները տիրողք են, իշխող և հրամայող, իսկ մյուսերը ծառա, ստրուկ և հրամանակատար։ Ամենայն գործողություն, հասարակ և անզոր մարդերի կողմից ազատությամբ հառաջացուցած, մեք ճանաչում ենք ապստամբություն, իսկ ապստամբությունը — պատժի արժանի հանցանք։ Դու այնքան երկար կմնաս այդ մոլորական հասկացողության մեջ, որքան ժամանակ հաստատ էիր քո քրիստոնեական կրոնի վերա. իսկ եթե կամենաս ընդունել, մեծ մարգարեի ձեռքով քարոզված ճշմարիտ հավատը, եթե հոժարիս մեր պես թլփատել քո մարմնի անթլփատությունը, այն ժամանակ իսկույն կլուսավորվիս և կմոռանաս այն ազատությունը, որ սկզբից մինչև այսօր պատճառ է եղել արյունահեղության, բանտի, հալածանքի, կապանքի, նոցա համար, որ ընկել էին այդ յուրյանց չպատկանած իրավունքը ձեռք բերելու քամակից։

— Ո՛ղջ լինիս — պատասխանեցի ես,— եթե կարելի է, խնդրում եմ չխոսել կրոնի վերա. պատճառ, այդ բանը, շատ մոտ լինելով ամեն մի մարդու սրտի և հոգու, կարող է շատ անախորժ բաների տեղիք տալ։ Ես Խալիլ նայիբի պատճառով ընկնելով քո մարդերի ձեռքը, երբեք հույս չունեի ձեզ տեսանել. բայց մանավանդ չէի կարծում, որ տեսանելով ձեզ կարող էի այդպիսի տհաս խոսքեր լսել ձեզանից։ Ես ունիմ բանականություն, ունիմ գիտակցություն, և ճանաչում եմ սևը և սպիտակը։ Կրոնափոխությունը իմ ախորժակի հարմար բան չէ. և մանավանդ ներեցե՛ք տարապայման համարձակախոսությանս, ի՛նչ կարիք ունիմ ընդունելու ձեր կրոնը, որի կտակը գրված է մեր շիք նզովյալ Սարգիս Բուխարացո ձեռքով։ Ես ունիմ և պաշտում եմ մի այնպիսի կրոն, որ լույս է և լույս է տալիս յուրյան պաշտողներին, որի հիմքը դրված է ազատության ապառաժի վերա, որ ոռոգված է Հիսուսի Քրիստոսի արյունով։ Ձեր կրոնի վարդապետությունը ազատության մասին, որ այժմ հայտնեցիք ինձ, ես ճանաչում եմ իշխանության չարաչար գործադրություն այն անզոր մարդերի վերա, որ նախախնամությունը հանձնել էր մի հզորի, սորա սիրտը և խղճմտանքը փորձելու համար։