Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/333

Այս էջը հաստատված է

Հարցասիրության արժանի մի խնդիր է այս, ուստի պիտի խնդրեմ եվրոպական իրավաբաններից, որ տեղեկություն տան ինձ մի այսպիսի մարդկային օրենքի մասին, թե գիտեն։

Աննշան և միանգամայն անխորհուրդ բաներ շատ մեծ բան են երևում հեղինակին, և այս հետևում է նորանից, որ նեղ հայացք ունենալով և ամենափոքրը հսկա է թվում։ Խոսքս Նախիջևանի ուսումնարանի վերա է. ահա հեղինակի բառերը (տե՛ս երես 462)։

«Ուսումնարանն Հայոց ի նորոյ կառուցաւ աղիւսակերտ, եռայարկ և բազմասենեակ, արդեամբք աղայ Մկրտչի՝ արդեն հանգուցելոյ, և ջանասիրութեամբ աղայ Խաչատուրի Ղռմաճեանց (որ գրել է Ղռմզեանց), յորում ուսանին բազմաթիւ աշակերտք զհայերէն և զռուսերէն»։

Հեղինակը գրում է այս խոսքերը, մինչդեռ բոլոր Նախիջևանը գանգատում է դպրոցի անպիտանութենից և մի օրինավոր մարդ չէ տալիս յուր որդին այդ դպրոցը։ Աշակերտքը, որոնց ընծայվում է գիտություն հայերենի և ռուսերենի, ոչինչ չգիտեն, հազիվ հազ կարդալ այդ լեզուներով և յուրյանց անունը գրել տառասխալ անգամ։ Նախիջևանի մեծ անբախտությունը է այդ ուսումնարանը, որի մասին գովությամբ խոսում է հեղինակը։

«Սենեակք լայնանիստք, որմունք բարձրաբերձ, այլ բարեկարգութիւն ի նմին և ոչինչ»,— գրում էր քսան տարի հառաջ մի ուսումնական ազգային, որ կարդալով այս տողերը, անտարակույս պիտի հիշե յուր վհատական և ողբալի գրությունը Նախիջևանի մեջ, ուր գտանվում էր դաստիարակական պաշտոնով։

Արգո հեղինակը ողբում է վանքերի կործանությունը և ամայությունը, բայց չենք լսում թե նոցա շինությունը, այժմյան ժամանակումս ինչ խորհուրդ ուներ մարդկային հառաջադիմության համար։ Կար ժամանակ, երբ մարդիկ ոգևորվում էին վանքերով և հոգևոր ասպետութեններով. բայց չորս հինգ հարյուր տարի անցան նորանից հետո, և նոր պատմությունը (16 դարուց) պատնեշ է քաշել հին և նոր մարդկության մեջ։ Մի՛թե հեղինակը կցանկանա, որ մեր ազգը դուրս մնա այդ պատնեշից...

Հայերը ունին ավելի հիմնավոր և խորհրդավոր ողբալիք, թող դպրոցների չլինելը կամ լինելության չլինելու հավասար վիճակը նյութ լինի նոցա ողբերին և լացին։ Թո՛ղ աշխատին դպրոց շինել, աշակերտ հասուցանել, ազգը լուսավորել։ Վանքերի սաղմոսերգությունքը հանդես չունին ազգային լուսավորության մեջ։

Արգո հեղինակը, ինչպես յուր բոլոր գրվածներում, նույնպես և մանավանդ գրքի վերջաբանի մեջ, շատ որոշ և շոշափելի կերպով ցույց է տալիս, թե ազգը, ազգի կյանքը, ազգի անցածը, ազդի ներկան, և այսպիսի