Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/335

Այս էջը հաստատված է

ընդամենը, որոնցից երկուքը ֆրանսիական ազգից։ Ձայներ կան, թե ազգը Կոստանդնուպոլսի մեջ կամի շուտով բարվոքել Փարիզու մեր ազգային դպրոցի վիճակը, և թե վեհապատիվ նորընտիր հայրապետ - մեծ քահանա Մատթեոսը, Պոլսից ելանելու ժամանակ, երդմամբ չափ պատվեր է տվել ազգին անօգնական չթողուլ դպրոցը, մինչև ինքը կարողանա օգնություն հասուցանել էջմիածնից:

Եվ ահա, Փարիզի հայկական դպրոցը կապվեցավ էջմիածնյան աթոռի հետ։

Կարծում եմ, որ դու ավելի հիմնավոր տեղեկությունք ունենաս այս բաների մասին և հույս ունեմ երբեմն կարդալ քո Հիշատակարանի մեջ այս բոլորի մանրամասն նկարագրությունը։ Առ այժմ ուրիշ ո՛չինչ գրելիք, սպասում եմ նամակիդ։ Ողջ եղի՛ր։

Քո Ս. ՇԱՀԲԵԳ

Այո՛, ես պատահեցա Փարիզում և հայկական Մուրադյան վարժարանին, և նոցա մասին միտք ունիմ առանձնապես խոսել, մանավանդ այն խնդրի վերա, թե արժանահիշատակ Մուրադը նվիրած լինելով մի ժառանգություն ընդհանուր հայոց ազգի զավակների կրթության և դաստիարակության համար, ինչու միայն որպես մի մասնավոր առանձնաշնորհություն հասանում է այդ բոլորը պապական հայերին։ Ինչո՛ւ համար ազգը լուռ ու մունջ նստած, սառն հանդիսատես է այդ անիրավությանը և այն, ծայրացյալ անիրավության։ Ազգի արծաթը ծախվում է, որ պապականությունը առավել խոր տարրանա ազգի անմեղ զավակների սրտի մեջ, որոնց առավոտ և երեկո աղոթք են կարդացնում, որ հայերը դարձ գան և դուրս գալով հերետիկոսութենից մտանեն պապի գիրկը և արժանի լինին փրկության։ Այս աղոթքը դրված է վենետիկյան Մխիթարյանց ձեռքով և որպես մի նոր և հավաստի նշան միաբանության հարազատ պապականության, ներկայացուցած է Վատիկանին և արժանի է եղած առանձին ինդուլգենցիայի։ Ազգը այսքան տարիներով լռում է և յուր լռությամբ շատացնում է ազգի զավակներից պապականության գնացած զոհը Հյուրմյուզների ձեռքով, որ սոքա կարողանան այդպիսի ծանր գնով գնել կարդինալական գլխարկը։

Մեծ հույս ունինք վեհափառ Մատթեոս նորընտիր ծայրագույն պատրիարք կաթողիկոսից, որ նա յուր հայրապետության սկզբումը դեռևս առաջը փակե այս բանիս, որ մեծ և մեծ վնասակարներից մինն է։