Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/368

Այս էջը հաստատված է

Կանչում է յուր գործակատարը, այսինքն աղայի քեռին, և ասում է, որ չհամարձակվի ուղարկեք աղան դեպի յուր վաճառանոցը, կամ դեպի յուր աշխարհը։ Եթե որևիցե կարեկցություն ցույց տալով, գործակատարը խնամ տաներ տղային, այնուհետև Բեգզադեն տալու չէր գործակատարին պատկանած 2000 մանեթը, որ գտանվում էր Բեգզադեի մոտ։ Կանչում է յուր ապրանքի համար վարձված սայլորդները, նոցա ևս պատվիրում է, որ չհամարձակվին ապրանքների հետ վերառնուլ տղան և հնար տալ Մ.... քաղաքը հասնելու։ Իսկ եթե սայլորդքը համարձակվեին կարեկցել ողորմելի տղային, Բեգզադեն սպառնում է ոչ մի կոպեկ վարձ չտալ սայլորդներին ապրանքը բերելու համար։

Այս բաներից հետո գնում է Բեգզադեն։

Տղան հավատացած է, թե շուտով ինքը ևս գնալու էր դեպի այնտեղ, ուր գտանվելու էր յուր պարոնը։

Բեգզադեի գնալուց մի երկու օր հետո, գալիս է տղայի մոտ սորա քեռին (այսինքն Բեգզադեի գործակատարը), և հայտնելով, թե երկու օրից հետո պիտո է միասին ճանապարհ ընկնեին դեպի Մ... հարցանում է տղայից, թե չունե՞ր արդյոք երկու մանեթի մանր արծաթ։ Տղան ասում է թե ունի միայն մի հինգ մանեթանոց թղթադրամ, որ ստացել է պարոնից:

— Փույթ չէ,- պատասխանում է գործակատարը,- միևնույն է, էգուց կտամ։ Այժմ ինձ հարկավոր է այս չնչին արծաթը այն պատճառով, որ բնակարանս հեռի է և չկամեի մյուս անգամ գնալ այնտեղ այդքան արծաթի քամակից։

Տղան հանում է և տալիս է յուր բոլոր ունեցածը։ Գործակատարը ստանում է և դեպուղիղ գնալով յուր բնակարանը, ուր պատրաստ սպասում էր նորան սուրհանդակի կառքը, նստում է... Եվ կառքը հառաջ է շարժվում ամենայն զորությամբ։

Երկու օրից հետո իմանում է խեղճ պատանին թե խաբվել էր յուր քեռուց։ Լաց է լինում, ողբում է, բայց ինչ ճար, մնում է միայն այս գազանական անգթության ընդդեմ դեպի երկինք բողոքել։

Մի քանի բարեսիրտ հայեր խղճալով այս անօգնական տղայի վերա, ժողովում են մի քանի մանեթ և ճանապարհ են ձգում նորան դեպի այն քաղաքը, ուր էր Բեգզադեն։

Յոթներորդ, Բեգզադեն Մ... հասանելուց հետո, մի քանի օրից հայտնվում է հաճոյակատար գործակատարը և խնդրում է տալ ինքյան յուր 2000 մանեթը։ Բեգզադեն, որ ինքը խոստովանել էր թե գործակատարը ուներ 2000 մանեթ, այժմ սկսում է քրքրել յուր սատանայի պոչով գրված մատյանները, երբեմն գլուխը քորելով, և երբեմն մի պտղունց