Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/380

Այս էջը հաստատված է

Է երևում շատերին, դորա հակառակ մեզ շատ հեշտ։ Այստեղ հարկավոր է ազգի կամքը. եթե սա չէ մեռել կամ չէ դադարել ներգործելուց, և արծաթը կկանաչի և դաստիարակներ կերևեն։ Տարակույս չկա, որ այսպիսի դիպվածներում հարկավոր են վճռական հնարներ. կիսակտուր հնարները ոչ թե միայն չեն հասուցանում այս նպատակին, այլ մեծապես վնասակար են և՛ նյութական և՛ բարոյական կողմից։

Շատ անգամ բերանացի և նամակներով խոսած ենք զանազան մարդերի հետ մի ընդհանուր ազգային արծաթագլուխ գոյացնելու գաղափարի մասին, բայց մի այլ բան մեջ ընկնելով խափանառիթ է եղել այս խնդրի մշակությանը։ Ի՛նչ էր այդ այլ բանը, այն, որ մենք չգիտենք դեռևս մեր ազգի քանակությունը ստուգապես։ Այս բանի մասին ևս խոսքեր կան մեր մեջ և ճաշակ տալու համար մեր ընթերցողներին, թե ինչ բարեխղճությամբ աշխատում էին մի ցանի երիտասարդք այս խնդրի վերա, մեջ եմ բերում մեր բարեկամներիցս մինի նամակը, որի բովանդակությունը հարգելի է մեզ, թե խնդրի վսեմության և թե այդ խնդիրը լուծանելու մասին դյուրին ճանապարհներ մեջ բերելու համար։ Ահա՛ այդ նամակի բառացի պատճենը։


30/18 մարտի 1860, Րեգուակալե


Սիրելի եղբայրս ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈՒԵԼ.


Քո վերջին նամակը, փետրվ. 1/13-ից, ինձ ավելի զարմացրեց, քան թե համոզեց։ Դու իմ առաջարկութենների ընդդեմ գրում ես ինձ, թե անհնար է այժմ գլուխ բերել իմ խնդրած բանը, այսինքն կազմել մի մատյան, ուր պիտի երևեր երկրիս վերա եղած հայերի ստույգ թիվը ներկայումս, և թե որքան ո՛ր աշխարհում բնակվում է։ Ես չգիտեմ, ինչ բան կար սորանից թեթև։ Քո ասածը, թե հարկավոր է, որ մի քանի մարդիկ դուրս գային ու ճանապարհորդեին ամեն աշխարհ, ուր գտանվում էր հայոց ազգ և այնտեղ ամենայն ճշտությամբ արձանագրեին, ոչ միայն բնակիչների թիվը, այլև մի քանի վիճակագրական և տեղագրական ծանոթությունը, ես ընդունում եմ այո, և սրտով հավատում եմ, որ անարդյուն լինելու չէր մեր ուսումնական ազգայիններին, մինչև հայոց մոռացված գեղերի և քաղաքների մեջ ներս մտանելը, բայց առանց այդ ճանապարհորդության ևս կարող ենք մեր ներկա խնդիրը լուծ անել, այսինքն իմանալ ազգի ստույգ քանակությունը։

Կատարյալ իրավունք եմ տալիս քո գաղափարին, թե թվի հետ հարկավոր էին և մի քանի վիճակագրական և տեղագրական ծանոթությունը, որպեսզի, եթե ժամանակով հոգ տարվելու լինի ազգին, իմանան հոգացողքը