Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/400

Այս էջը հաստատված է

Ներսեսի հաջորդ Սահակը, ջերմեռանդությամբ պաշտպանելով ոչ այնքան եկեղեցու օգուտը, որքան յուր անձնական արտոնությունքը և իրավունքը, չկամեցավ այլևս Կեսարիա դիմել, յուր կաթողիկոսական իշխանության հաստատություն ստանալու համար, և այլն և այլն» (երես 105):

Այստեղ հիշված Ներսեսը և Սահակը են մեծ Պարթևները, բուն Լուսավորչի ցեղից, որոնց հիշատակը հանդիսավեհությամբ տոնում է մեր եկեղեցին, որոնցից սուրբ Սահակին ճանաչում է հայոց ազգը մեծ պատճառ յուր լուսավորության, այլև հիմնադիր թարգմանության սուրբ գրքի։ Չգիտենք ի՛նչ մտածել պ. Խուդաբաշեվի խղճմտանքի մասին, որ չէ երկրայում մուր քսել այսպիսի անմերձենալի մարդու վերա, կարծիք տարածելով մեծ սուրբի մասին, որպես թե նա, ոչ այնքան եկեղեցու օգուտը, որքան յուր անձնականը պաշտպանելու մտքով չէ դիմել դեպի Կեսարիա։

Եթե, արդարև, սուրբ Սահակի օրով լիներ դադարեցուցած մեր կաթողիկոսների ձեռնադրությունը Կեսարիայում, այն ժամանակ ևս, սուրբ Սահակի վարքը, որքան մեզ հայտնի է, տեղիք չէր տալիս մտածելու, թե այդ առաքինի հոգին, եկեղեցու և ազգի համար կենդանի նահատակը, երբևիցե կարող էր յուր անձնականը գերադաս համարել եկեղեցական օգուտից:

Այդ երանելի և սուրբ կաթողիկոսները ե՞րբ և ո՞ւր ցույց են տվել անձնական օգտի կամ փառասիրության ծարավ. խեղճերը ազգի օգտի համար անդադար նեղության, հալածանքի մեջ տարուբերվելով, մինչև անգամ յուրյանց մարմնավոր պիտույքի մասին նեղություն կրելով, նեղություն և ցավ հալածանքից, աքսորից, սովից, նեղություն և ցավ սուտ բարեկամներից և դրուժաններից. այդ հոգիացած առաքինի մարդերից ոմանք ծեծի տակ հոգին փչելով (մի խրտվիլակ թագավորի հրամանով) ոմանք մի պիղծ թագավորի ձեռքով թունավորվելով, ոմանք կապած ձեռք ու ոտով այս կամ այն բռնակալի դուռը տանվելով, բերվելով և՛ շղթաների մեջ յուրյանց անարատ հոգիները արձակելով, և այո բոլոր տառապանքը, վիշտերը և վերջապես մահու բաժակը ազգի անունով, ազգի լավության և եկեղեցու հաստատության համար, մինչև տակը խմելով, պիտի՞ համարվին յուրյանց օգուտը, անձնական իրավունքը գերադասո՞ղք: Համորեն հայոց ազգի անունով բողոքում ենք պ. Խուդաբաշեվի ընդդեմ։

Ուշադրության արժանի է և այն, որ պ. Խուդաբաշեվը մեզանչելով սուրբ Սահակի անձին ընդդեմ, ինչպես վերևում ասացինք, մեծապես մեղանչում է և պատմության ընդդեմ, յուր կամեցածի պես աղճատելով իրողությունքը։