Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/408

Այս էջը հաստատված է

միայն մի փոքր մեղմել զանազանությունքը հայերի և հույների մեջ, թե ծեսերի և թե հավատի վարդապետության»։ Երես 233—234։

Կո՛մս, չափեցեք այս անիրավությունքը, որ չափելով և կամիք, բայց մեք ընդունել այսպիսի բաներ չենք կարող։ Այս բոլորը հրատարակում ենք անարգ գրպարտությունք Ներսես Շնորհալու վերա, և ոչ մի վկայությամբ չհաստատվելիք։

Թեորիանոսի Շնորհալու հետ խոսակցությունը բովանդակող գիրքը, որ պ. Խուդաբաշեվը ընդունում է որպես պատգամ սրբության, և որի վերա հիմնվելով հայերի և օտարների առաջև, սևացնում է Ներսես Շնորհալին, գիտությունը չէ կարող ընդունել։ Այդ դեռ ապացույց չէ, եթե ոչ մի տեղում չեղած և ոչ մի ուրիշի վկայությամբ հաստատված բանը, երևում է Թեորիանոսի գրքի մեջ։ Ի՛նչպես կարելի է ընդունել այն խոսքերը, որպես սեփական խոսքեր Շնորհալու, որի հոգին և ուղղությունը քաջ հայտնի են մեզ բոլորովին այլ կողմից, նույնիսկ Շնորհալու ընդհանրական թղթերից, հոգեշարժ շարականներից կամ այլ աշխատութեններից։

Մեք բողոքում ենք այն խոսքերի ընդդեմ, որ Թեորիանոսը կամայաբար դնում է Շնորհալու բերանը, մերժում ենք, որպես մերկ սուտ, նորա արտասվալի պաղատելը Թեորիանասին և հայերը մոլորված ճանաչելը, մերժում ենք սաստկությամբ նորան վերագրված երկդիմի բնավորությունը, մերժում ենք և ծածուկ նամակի գրությունը կամ գոյությունը։

Ազգի և ազգային եկեղեցու անունով խնդրում ենք բոլոր հայկական օրագրերից և լրագրերից, բոլոր գրչավոր և բանագետ մարդերից, հրապարակով հայտնել յուրյանց կարծիքը այս մասին, որպեսզի այսպիսի այլանդակ գաղափարք չհամարձակվին մյուս անգամ մարմին առնուլ և երևել ազգի մեջ։

Կո՛մս, Դուք պարտակա՛ն եք ազգի բողոքը ընդդեմ այս բաների հրատարակել, եթե այդպիսիք Ձեր անունով ուղարկվին1։[1]

Հյուսիսափայլը, որպես մի բարոյական գործարան, պարտակա՛ն է պաշտպանել յուր ազգը և եկեղեցին։

Հերի՛ք է, արտասուքը խեղդում են խոսքերս կոկորդիս մեջ. աչքերս ընդունակ են այժմ առավել լալու, քան թե գիր գրելու. վերջացնում եմ նամակս և ցանկություն չունիմ մյուս անգամ ձեռք առնուլ այդ գիրքը:

Ծան. Կ. Էմմ.
  1. Ինչ չափով, կամ ինչքան հնարավոր էր մեզ հանդես տալ ազգի օգտի կամ նորա պաշտպանության համար եղած բողոքներին, միշտ պատրաստ ենք և պիտի լինինք։