Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/419

Այս էջը հաստատված է

բերա՞ն բանալ, մա՞րդ խրատել, իրավասությո՞ւն բանեցնել։ Ողորմելի՛ է այն մարդը, որ պիտի ընդունե այդպիսի եկեղեցականությունը։

Մեր համար, օրենքի և իրավունքի առաջև, ոչ եկեղեցական կա, ծայրացյալ իրավունքներով և ոչ անհագագ ստրուկ ղրկված ամենայն իրավունքից և արտոնութենից. երկու դիպվածում ևս տեսանում ենք լոկ մարդ, բոլոր մարդկային կատարելություններով և թերութեններով։ Ուստի, մինի միստիկական իրավունքը և պատիվը երկրորդի ստրուկ համարվելու սուտ փաստի հետ միասին մեր կողմից պ. Չամուռճյանին ընծայելով, շտապում ենք ասել, որ օրենքի և իրավունքի առաջև քըննըվում է և դատվում է նախ գործը և ապա գործողը։ Գործը գնահատելով կարելի է վարձատրել մի առաքինություն և դարձյալ, պատմել և պատուհասել մի չարագործություն։ Բայց չարագործը եկեղեցական է, մեր փույթը չէ. մեք կդատապարտենք նորան պատմության առաջև, իսկ պ. Չամուռճյանը եթե կամի խունկ և զմուռս ծխել այնպիսուն, ազա՜տ է։

Մի գործ կամ մի մարդ պաշտպանելու կամ դատապարտելու ժամանակ մեք հիմնվում ենք միմիայն այն անխախտելի հիմքերի վերա, որ ազատ իրավունքը և առողջ բանականությունը թելադրում է. հետևաբար ոչինչ կանխակալ կարծիք, ոչինչ սրբացուցած ավանդություն չէր կարող արգելք լինել մեզ։


Աշխարհի պատահական կոչումները և պատվանունները չեն կարող օրենքի և իրավունքի առաջև միջնորմն լինել հանցանքի և հատուցումի մեջ, որովհետև այս հատուցումը, վերստին կրկնում ենք, մի լոկ վրեժխնդրություն չէ, այլ հասարակաց իրավունքի պաշտպանություն։

Հոգևորականությունը, օրենքի և իրավադատության առաջև չունի այն միստիկական խորհուրդը, ինչ որ ունեցած տեսանում ենք պ. Չամուռճյանի համար։

Հոգևորականք նախ և հառաջ քաղաքացի են և ապա հոգևորական,ուրեմն, որպես կցորդ քաղաքական իրավունքների, պատասխանատու հասարակաց օրենքի առաջև։

Մարդկության գլխից անցածը ուսուցել է մեզ, որ ամենայն յուր մեջ միայն փակված և կենտրոնացած կացություն, սկսած Եգիպտոսի քուրմերից մինչև Պիոս յոթերորդի ձեռքով վերականգնյալ պ. Չամուռճյանի հոգեհարազատքը [1]վնաս տվեցին մարդկության: Այդ կացությունքը, կտրված բաժանված հասարակաց մարմնից, ոգևորված դժոխային եսականությամբ, բռնաբարեցին ուրիշները և հափշտակելով նոցա

  1. Ակնարկում է եզվիտներին